211652_close_icon
views-count30933 դիտում article-date 23:07 16-02-2017

Նոր Հաճնի փառքի պանթեոնի նորօրյա հերոս Գևորգ Մղդեսյանն այսօր դարձավ 21 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2016թ.-ի ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ նոր սերունդն իր նախնիներին արժանի է և նրանց գործը շարունակողը: Այդ ամենի ապացույցներից մեկն էլ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ազատամարտիկների պանթեոնում հանգչող նորօրյա հերոսը՝ գնդացրորդ Գևորգ Մղդեսյանն է: 1996թ.-ի փետրվարի 16-ին ծնված Գևորգ Աշոտի Մղդեսյանը, զինծառայության էր անցել 2014թ.-ի առաջին կեսին՝ Արցախի Մատաղիսում և Թալիշում ծառայելով որպես դիրքապար-գնդացրորդ: 2015թ.-ի օգոստոս ամսին նա գտնվում էր Արցախա-ադրբեջանական սահմանի առաջնագծում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, երբ հակառակորդը սանձազերծեց իր նախաձեռնած հերթական ծածուկ գրոհը: Հակառակորդի հեռահար արկակոծության հետևանքով արկի մի քանի կտորներից նրա ոտքը վիրավորվեց, որից հետո նա անհապաղ տեղափոխվեց զինվորական հոսպիտալ: Անհրաժեշտ վիրահատությունից և բուժումից հետո, առանց տրտնջալու և բողոքելու, կրկին վերադարձավ առաջնագիծ: 2016թ.-ի ապրիլյան պատերազմի օրերում, երբ Ադրբեջանը սանձազերծեց իր չհայտարարված պատերազմի ռազմագործողությունները՝ շարքային գնդացրորդ Գ. Մղդեսյանը կրկին Արցախա-ադրբեջանական սահմանի առաջնագծում էր: Այս անգամ Արցախում իր զինծառայությունն էր անցկացնում նաև Գևորգի փոքր եղբայրը՝ 20-ամյա Արմեն Մղդեսյանն, ով պատերազմական իրավիճակի թելադրանքով իր զորամիավորման հետ տեղափովել էր հենց նույն պաշտպանական շրջան, սակայն այդպես էլ չհասցրեց նրան տեսնել: Գ. Մղդեսյանին հաջողվեց անփորձանք դուրս գալ ապրիլյան պատերազմի առաջին օրերի փորձություններից, սակայն ապրիլի 7-ին առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս՝ մահացավ ծանր հրազենային վիրավորումից: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով:  Փետրվարի 16-ին Գ. Մղդեսյանը կդառնար 21 տարեկան: Այդ առիթով Նոր Հաճն քաղաքում գտնվող Մղդեսյանների բնակարանում հյուրընկալվեցին նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության ղեկավար խորհրդի անդամ ազատամարտիկներ Ալլա Նիկողոսյանը, Վրեժ Եղիազարյանը և ՂՊՎ «Դուք մենակ չեք» ծրագրի շնորհիվ Մղդեսյանների ընտանիքի հետ մտերմացած ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Բորիս Ավետիսյանը: ՂՊՎ պատվիրակությունը ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանի անունից Գ. Մղդեսյանի ծնողներին պարգևատրեց պատվոգրով, ինչից հետո ներկաներն ուղևորվեցին Նոր Հաճն քաղաքի Արցախյան ազատամարտի մասնակիցների պանթեոն՝ նորօրյա հերոսի շիրիմի առջև իրենց հարգանքի տուրքը մատուցելու: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր