211652_close_icon
views-count4932 դիտում article-date 14:22 25-03-2017

Ապրիլի 1-ից աչքի կատարակտի անվճար վիրահատությունները հասանելի կլինեն բնակչության որոշ խմբերի համար

Մեկնարկում է կատարակտի անվճար վիրահատության «Առողջ աչքեր» ծրագիրը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և «Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արտաշես Զիլֆյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր` համաձայն որի ապրիլի 1-ից մեկնարկում է «Առողջ աչքեր» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում բոլոր կենսաթոշակառուների, «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար աչքի կատարակտի վիրահատությունները, ներառյալ` ոսպնյակի արժեքը, կլինեն անվճար։ «Տնտեսված գումարների հաշվին ևս մեկ ծառայություն հասանելի է դառնում մեր բնակչության համար։ Կատարակտի վիրահատությունը մինչև օրս կատարվում է վճարովի կամ համավճարային հիմունքներով։ Նույնիսկ պետական պատվերի շրջանակում վիրահատվողները ստիպված են լինում վճարել ոսպնյակի գինը, որը ոչ բոլորի համար է մատչելի»,-ասաց առողջապահության թիվ մեկ կազմակերպիչը։ Նախարար Լևոն Ալթունյանի խոսքով ծրագրի անհրաժեշտությունն իր համար ակնհայտ է դարձել նախարարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց։ Քաղաքացիների ընդունելությունների ժամանակ քիչ չեն եղել կատարակտ ունեցողները, ովքեր ընդգրկված չլինելով պետության կողմից փոխհատուցվող անվճար բժշկական օգնությունից օգտվողների խմբերում, վիրահատության ենթարկվելու դժվարություն են ունեցել։ Այդ մասին են խոսում նաև 2017թ. փետրվարից հանրապետության մարզերում «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից մեկնարկած «Բաց դռների» արդյունքում ավելի քան 13 հազար բնակչի 20%-ի մոտ ախտորոշվել են աչքի հիվանդություններ, որոնց գերակշիռ մասը` կատարակտ։ Ընդգծելով ծրագրի սոցիալական կարևորությունը` նախարարն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է ընդգրկել նաև աշխատող այն քաղաքացիներին, ովքեր վճարունակ չլինելով դատապարտված են կուրանալու։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կատարակտը կուրության առաջացման նախապայմաններից մեկն է։ «Այդ իսկ պատճառով մենք դեռ անցած տարվա նոյեմբերից ճանապարհներ և հնարավորություններ ենք փնտրել ծրագրի իրականացման համար, բանակցել տարբեր կազմակերպությունների հետ»։ «Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի հետ ստորագրված Հուշագրով մեկնարկող կուրության կանխարգելման ծրագրի շրջանակում առողջապահության նախարարությունը կհատկացնի ֆինանսական միջոցներ, իսկ հասարակական կազմակերպությունը ոսպնյակներ կտրամադրի արտոնյալ պայմաններով և կվերահսկի մարզերում կատարվող վիրահատությունների որակը։ «Ես հույս ունեմ, որ առաջիկա 2 տարում կկարողանանք կազմակերպել անվճարունակ քաղաքացիների վիրահատությունները։ Այսօր այդ պահանջարկը հասնում է 3-5 հազարի»,-նշեց նախարարը` հավելելով, որ նախատեսվում է առաջիկայում ծրագրում ընդգրկել բնակչության այլ խմբերի ևս։ «Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարը վստահեցրեց, որ ծրագրին աջակցելու համար կընդգրկեն լավագույն մասնագետներին։ Նա նշեց, որ մարզերում աշխատում են բարձր պատրաստվածությամբ ակնաբույժներ, ովքեր պատրաստ են ծրագրի շրջանակում իրականացնելու վիրահատությունները։ Առաջիկայում «Առողջ աչքեր» ծրագրին կմիանա նաև Հայկական ակնաբուժության նախագիծը։ Նշենք, որ ծրագրի առաջին փուլում վիրահատությունները կկատարվեն Լոռու մարզի Սպիտակի բժշկական և Գեղարքունիքի մարզի Սևանի «Լայոնս» մարզային ակնաբուժական հիմնադրամ կենտրոններում: Երկրորդ փուլում ծրագիրը կընդլայնվի` ընդգրկելով մյուս բոլոր մարզերի և Երևանի քաղաքացիներին։ Դիմումների ընդունման, հերթագրման և վիրահատության կազմակերպման կարգի մասին կտեղեկացվի մոտ օրերս։

Նմանատիպ նյութեր