211652_close_icon
views-count2175 դիտում article-date 16:30 27-03-2017

Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին

Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Յան Ալեքսանդր Հիլին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ողջունելով նորանշանակ դեսպան Հիլին Երևանում՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ հարաբերությունների զարգացումը ամենատարբեր ոլորտներում, և հաջողություն մաղթեց դեսպանին իր կարևոր առաքելության մեջ: Դեսպան Հիլը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, իր հերթին շեշտեց, որ իր կառավարությունը մեծապես հետաքրքրված է՝ զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ, և ինքը հավելյալ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ ու բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում կարևորվեց արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջխորհրդարանական​ փոխգործակցության հաստատումը, իրավապայմանագրային դաշտի զարգացման, առևտրատնտեսական, հատկապես գյուղատնտեսության ոլորտում կապերի խթանման անհրաժեշտությունը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկկողմ համագործակցության զարգացման գործում կարևոր դերակատարություն կարող է ունենալ Նոր Զելանդիայի փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքը։ Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային հրատապ հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Նմանատիպ նյութեր