1054 դիտում
17:43 30-03-2017
Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25֊ամյակին նվիրված քննարկում է անցկացվել
Մարտի 29-ին Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայկազյան համալսարանի կազմակերպմամբ տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25֊ամյակին։
Միջոցառմանը մասնակցում էին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Հայկազյան համալսարանի նախագահ Վեր. Փոլ Հայդոստյանը, Հայաստանում Լիբանանի նախկին դեսպաններ Սաադ Զախիան (1997-1999թթ.) և Գաբրիել Ժեարան (2003-2011թթ.): Ներկա էին նաև ներկայացուցիչներ դիվանագիտական, ակադեմիական, կրոնական շրջանակներից:
Դեսպան Մկրտչյանը, արժևորելով Հայաստանի և Լիբանանի՝ որպես երկու անկախ և ինքնիշխան պետությունների, վերջին քսանհինգ տարիների հարաբերությունները, հղում կատարեց երկու ժողովուրդների դարավոր առնչություններին, Լիբանանի հայ համայնքի ակնառու դերակատարությանը, ինչպես նաև անդրադարձավ վերջին երկու տասնամյակների ընթացքում պետական բարձաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերին, քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական բնագավառներում փոխշահավետ համագործակցությանը։
Դեսպան Մկրտչյանը, կարևորելով արժեքային մոտեցումների վրա հիմնված երկու երկրների համագործակցությունը միջազգային հարթակներում, նշեց, որ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ջբրան Բասիլը միասին 2015թ. մասնակցել են Միջին և Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը նվիրված Ժնևի միջազգային համաժողովին։ Դեսպանն ընդգծեց, որ քաղաքական համագործակցության բնագավառում առկա փոխադարձ վստահության շնորհիվ երկու բարեկամ պետությունները միջազգային կազմակերպություններում մշտապես աջակցում են մեկմեկու։
Հայկազյան համալասարանի նախագահ Վեր. Փոլ Հայդոստյանն իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ 1992-93թթ. ուսումնական տարում Հայկազյան Համալսարանում ուսանած մի խումբ դիվանագետներ այսօր կարևոր պաշտոններ են զբաղեցնում ՀՀ պետական կառույցներում:
Իր ելույթում Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության առաջին դեսպան Սաադ Զախիան նկարագրեց Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի՝ որպես ՀՀ անկախացումից հետո 10-րդ երկրի դեսպանության հիմնման առաջին քայլերը: Ուշագրավ էր նաև դեսպան Գաբրիել Ժեարայի ելույթը, ով դրվագներ ներկայացրեց ՀՀ-ում իր իննամյա պաշտոնավարության շրջանից, անդրադարձավ լիբանանյան եւ սփյուռքահայ ներդրումներին, վերհիշեց իր շփումները Գարեգին Ա. Կաթողիկոսի հետ:
Դեսպան Ժեարան շեշտեց, որ երկու երկրների սերտ կապերի շնորհիվ վերջին 25 տարիների ընթացքում լիբանանցի և հայ ժողովուրդները կարողացել են ստեղծել համագործակցության ամուր հիմքեր՝ հիմնված միմյանց հարուստ մշակույթների հանդեպ փոխադարձ հարգանքի վրա:
Քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանի ու Լիբանանի փոխըմբռնման և բարեկամության դարավոր կապերը համատեղ ուժերով կարելի է առավել զարգացնել և զորացնել։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»