1382 դիտում
12:57 06-04-2017
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
Վերջին օրերին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային կենտրոններում ստացվել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր:
Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների համար: Բուսածածկ տարածքների հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը՝ անխուսափելիորեն ազդելով նաև մարդկանց առողջության վրա` վնասելով շնչառական օրգանները և արյան շրջանառության համակարգը: Փորձը ցույց է տալիս, որ հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել:
Հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է`
- վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.
- նետել հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային և բուսածածկ տարածքներում այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
- որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր.
- ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում.
- շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ.
- ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում.
- կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ).
- արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ.
- թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն:
Բուսածածկ տարածքների հրդեհների առաջացման տարածված պատճառներից են ծխելուց անզգուշությունը և երեխաների խաղը կրակի հետ: Ծնողները պետք է միշտ հիշեն, որ անուշադրության մատնված երեխան կարող է հրդեհի առաջացման պատճառ դառնալ, իսկ երբեմն էլ դրա անմիջական զոհը լինել:
Կարևոր է իմանալ նաև անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները: Մասնավորապես՝ եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել, ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձևով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով որ այն տարածվի ծառերի բներն ու սաղարթները: Մարելով փոքր հրդեհը՝ կարելի է հեռանալ միայն համոզվելով, որ կրակը նորից չի բորբոքվի:
Անտառային հրդեհի գոտում հայտնվելիս անհրաժեշտ է որոշել քամու ու կրակի տարածման ուղիները, շարժվել կրակի տարածմանը զուգահեռ, դեպի անվտանգ տեղ (գետ, առվակ, այլ ջրամբար): Եթե հնարավոր չէ դուրս գալ հրդեհի գոտուց, պետք է փորձել մտնել մոտակա ջրամբարը, ծածկվել թաց հագուստով, բերանն ու քիթը պաշտպանել թաց դիմակով: Դուրս գալով անվտանգ տեղ հրդեհի տեղի ու ժամանակի, ինչպես նաև՝ դրա հնարավոր պատճառների մասին պետք է հայտնել անտառտնտեսությանը կամ հրշեջ պահպանությանը: Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով:
Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, չգիտակցեն մեր ընդհանուր հարստության պահպանման խնդրի կարևորությունը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ` անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:
Նմանատիպ նյութեր
3102 դիտում
14:00 22-12-2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
5151 դիտում
12:21 08-08-2017
ՀՀ ԱԻՆ-ը հիշեցնում և հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան