Այս պահին ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկում. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս պահին քննարկում է ՀՅԴ-ի գործընկերների հետ ապագա կառավարությունում համագործակցության ձևաչափը: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հաշվի առնելով, որ այդ քննարկումները դեռեւս չեն ավարտվել, ճիշտ չի լինի, որպեսզի մենք քննարկենք ապագա կառավարությունում նախարարական պորտֆելների, պատասխանատուների կամ Ազգային ժողովի նախագահի, նախագահի տեղակալների, մշտական հանձնաժողովների նախագահների հարցը: Իսկ ապագա վարչապետի մասին խոսք չկա, մեր վարչապետը մնում է Կարեն Կարապետյանը»,- ասաց նա:
Է. Շարմազանովը նաև նշեց, որ այս պահին ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկում.
«Այս պահին ՀՀԿ-ի օրակարգում նման հարց չկա»,- հավելեց նա: