6249 դիտում
21:02 13-04-2017
Հայաստանը դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի անդամ
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) լիիրավ անդամ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը և տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
«Այս անդամակցությունը նշանակում է, որ ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հավատարմագրումները համապատասխանում են եվրոպական չափանիշներին, նույնական են եվրոպական գործընթացների հետ և ճանաչելի են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի կողմից»,- ասաց ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը:
ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ կառույցը դեռ 2009-ից ENQA-ի նախնական անդամ էր. «Իրենք հետևում էին մեր գործունեությանը, սակայն մեր արդյունքները Ցանցում չէին երևում որպես ճանաչված»: Թոփչյանը նշեց, որ անցած տարիների ընթացքում ՈԱԱԿ-ը մեծածավալ աշխատանք է իրականացրել՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցին ցույց տալու, որ աշխատում է նույն չափանիշներով ու սկզբունքներով, ինչ եվրոպական գործակալությունները:
Անդրադառնալով հարցին, թե ENQA անդամակցությունն ինչպես իրենց վրա կզգան արտերկրում սովորելու ցանկություն ունեցող ուսանողները, Թոփչյանն ասաց. «Երբ որևէ բուհ փորձում է պայմանագիր կնքել եվրոպական բուհի հետ ուսանողների փոխանակման համար, Եվրոպայում նախ և առաջ դիտարկում են՝ հավատարմագրվա՞ծ է արդյոք այդ բուհը և ո՞ւմ կողմից է հավատարմագրված: Այժմ ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված լինելը համարժեք է եվրոպական հավատարմագրմանը: Այս պարագայում պայմանագրի կնքման և արդյունքների ճանաչման հնարավորությունները մեծանում են»:
«ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված բուհը նաև մեր միջոցով դառնում է եվրոպական բուհական ընտանիքի անդամ, ինչն էականորեն բարձրացնում է նրանց վարկանիշը որպես կրթություն մատուցող կառույց»,- ասաց Ավետիքյանը:
Պարոն Ավետիքյանը և պարոն Թոփչյանը կարևորեցին Հայաստանում ինստիտուցիոնալ հավատարմագրումների առաջին շրջափուլի հաջողությամբ իրականացումը. ներկա դրությամբ երկրում գործող բոլոր պետական բուհերը կամ արդեն հավատարմագրվել են, կամ հավատարմագրման գործընթացում են: Մասնավոր բուհերից դեռևս հավատարմագրվել են երեքը:
«Ուսանողներն, օրինակ, կարևորում են, որ դասախոսների մի մասը երիտասարդներ լինեն՝ համարելով, որ նրանք առավել պրակտիկ գիտելիքներ են տալիս: Այսօր շրջանավարտը հաճախ դժվարանում է բուհում ստացած տեսական գիտելիքն աշխատավայրում կիրառել: Դրա համար այդ գիտելիքը դեռ բուհում պետք է պրակտիկի վերածվի»,- ասաց պարոն Թոփչյանը: Նա նաև նշեց, որ ներկայում գործող կարգերը խոչընդոտ են այս առումով:
[b]«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ[/b]
Նմանատիպ նյութեր
1352 դիտում
17:47 18-10-2019
Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի խորհրդի անդամ
1573 դիտում
17:02 06-07-2015
ՈԱԱԿ-ը նախապատրաստվում է բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամակցությանը
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
778 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
691 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան