211652_close_icon
views-count2164 դիտում article-date 18:41 13-04-2017

ՄԻՊ-ը հրապարակեց տարեկան զեկույցը Հայաստանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

2016թ.-ի ընթացքում ՄԻՊ-ը ստացել է 5113 դիմում-բողոք, որոնցից 1072-ը եղել է գրավոր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց օմբուդսմեն Արման Թաթոյանը, ներկայացնելով «2016թ-ի ընթացքում ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը։ Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ դիմում-բողոքները վերաբերում են ոստիկանության, քրեակատարողական հիմնարկների, Պաշտպանության նախարարության, դատական համակարգի գործունեությանը։ Ըստ նրա՝ ներկայացված հաղորդման մեջ կարմիր թելի նման անցնում են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները՝ բերման ենթարկվելուց մինչև կալանավորում։ Նա ընդգծեց, որ Քրեական օրենսգրքում անհրաժեշտ է հրատապ փոփոխություններ կատարել, պետք է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվեն, բերման ենթարկեն կոնկրետ հիմնավորմամբ։ Մտահոգիչ մի շարք խախտումներ կան ՔԿՀ-ներում և հոգեբուժարաններում։ ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ զեկույց է հրապարակվելու 2016թ-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցում քարտեզներով ներկայացված են այն վայրերը, որտեղ ոստիկանները բռնություն են կիրառել ԶԼՄ ներկայացուցիչների և ակտիվիստների նկատմամբ: Հստակ քննադատվում է լրագրողներին բերման ենթարկելու պրակտիկան, երբ փորձ է արվում քրգործով վարույթի ընթացքում լրագրողին դարձնել վկա։ «Առանձին գլուխներով անդրադարձ է կատարվում ոստիկանների կողմից հավաքի մասնակիցների իրավունքների խախտմանը, հատուկ միջոցների կիրառմանը՝ օրենքի խախտմամբ»,- շեշտեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նմանատիպ նյութեր