211652_close_icon

Արին Բերդի փողոցում «մարդաբոյ» փոսերի պատճառով ամեն օր ավտոմեքենաներ են ջարդվում. անձրևային եղանակին էլ այն վերածվում է լճակների. վարորդները ամենաքաղցր խոսքերն են ուղղում Տիգրան Ավինյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count26444 դիտում article-date 13:02 15-04-2025
Արդեն տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ու պահանջում են, որպեսզի վերջապես Երևանի քաղաքապետարանը պատասխանի, թե երբ են իրենց խոստացած գործը կատարելու:
 
Այսօր՝ ապրիլի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բազմաթիվ վարորդներ ասում էին.
 
«21-րդ դարում ենք ապրում, բայց ասես քարե դարում լինենք: 5-6 տարի է՝ «Տեցի կռուգ»-ից դեպի Արին Բերդի փողոց գնացող մոտ 1,5-2 կմ-անոց ճանապարհահատվածն ասես մեր գլխին փորձանք լինի: Առանց չափազանցության՝ ամեն սանտիմետրում փոսեր են, որոշ հատվածներում էլ՝ «մարդաբոյ»: Ամեն օր ավտոմեքենաներ ենք ջարդում, գույքահարկը վճարում ենք կանոնավոր, բայց փոխարենը որակյալ ճանապարհին կարոտ ենք մնացել: 

Էդ անտերը երազում էլ չենք տեսնում. թե՛ արթուն, թե՛ քնած՝ էս քանդած ճանապարհն ենք տեսնում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուզում ենք հիշեցնել իր քարոզարշավի հիմնական կարգախոսը՝ «ասեք, կանենք». մեռանք ասելով, մեռանք գրելով, բայց՝ ձայն բարբառո հանապատի: 

Հարգելի՛ չինովնիկներ, գուցե ձեր քունքին հաճելի է, որ ամեն անգամ փոսը ընկնելիս մենք ձեզ, չակերտավոր ասած, ամենաքաղցր, իսկ եթե ճիշտ՝ ամենավերջին խոսքերն ենք ուղղում: Ամոթն էլ լավ բան է: Եթե ձեր պարգևներից մի փոքր ուղղեք՝ էս ճանապարհը ասֆալտապատելուն, հաստատ կարժանանաք վարորդների, ինչու չէ՝ նաև քաղաքացիների օրհնանքին:
 
Էլ չենք ասում, որ երբ եղանակն անձրևում է, փոսերը դառնում են արհեստական լճակներ, արտաքին լուսավորման մասին էլ խոսք չկա, գիշերը պիտի մոմ վառես, որ անվտանգ անցնես էդ ճանապարհով: Նույնիսկ մի անգամ բողոքի ակցիա իրականացրին՝ փակելով ճանապարհը: Խոստացան, թե ճանապարհը բացեք, ամիսների ընթացքում գործը գլուխ կբերենք. էս 3-4 տարի է՝ ասես ջայլամի քաղաքականություն վարեք: Առաջիկայում ընտրութւուններ են լինելու, ի՞նչ երեսով եք գալու ու մեզնից ձայներ խնդրելու: Էդ ժամանակ կստանաք մեր պատասխանը, իսկ պատասխանը հստակ է, որ հայտնի ֆիլմի հերոսի նման՝ «Դիփունքը խաբում ին»»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փոսերն այնքան շատ են, որ երբեմն վարորդները չուզենալով ավտոմեքենաները փախցնում են փոսերից ու ստիպված երթևեկում են հանդիպակաց, ինչը կարող է դառնալ ավտովթարների պատճառ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր