211652_close_icon
views-count3101 դիտում article-date 19:03 19-04-2017

Գուգարաց թեմի Գարգառ գյուղում տեղի ունեցավ Սբ Հովհաննես եկեղեցու վերաօծման արարողությունը

Ապրիլի 19-ին Գուգարաց թեմի Գարգառ գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Սբ Հովհաննես եկեղեցու վերաօծման արարողությունը: Գյուղի միակ եկեղեցին կառուցվել է 1907 թվականին և մինչ վերանորոգվելը գտնվում էր վթարային վիճակում: Բացի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, գյուղում կան ևս երկու` Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Նշան մատուռները, սակայն Սուրբ Հովհաննես եկեղեցին, միշտ սիրված է եղել բնակիչների կողմից ու չնայած վթարային վիճակին` տարին մի քանի անգամ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ և կատարվել են կնունքի արարողություններ: Եկեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ գումարի հանգանակությունը 2014 թվականին կազմակերպել են Գարգառ գյուղում հյուրընկալված «Լույս» կրթական հիմնադրամի ուսանողները` ի դեմս հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանի: Տիկին Ժակլինը հանգանակված գումարին հավելել է նաև իր հարսանեկան արարողությանը ստացած դրամային նվերները: Հանգանակությունը կատարվել է Ժակլին Կարաասլանյանի անմիջական հսկողությամբ և ղեկավարությամբ, որին իրենց ներդրումն են ունեցել նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, Գարգառի բնակիչ Հրաչիկ Մովսիսյանը և Գարգառի պարի խմբակը` իր կազմակերպած բարեգործական համերգով և համայնքապետարանը: Հանգանակության շնորհիվ և համայնքապետ Կարեն Զալինյանի աջակցությամբ` եկեղեցին այսօր վերականգնվել և ստացել է իր երբեմնի շքեղ տեսքը: Վերաօծման արարողությանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանը, Ստեփանավանի տարածաշրջանների հոգևոր հովիվները, համայնքապետեր և բազմաթիվ ուխտավորներ` տարբեր շրջաններից: Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ` ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին, օրհնության գրի և սրբապատկերի նվիրատվությամբ գնահատանքի արժանացրեց բարերար Ժակլին Կարաասլանյանին և գյուղապետ Կարեն Զալինյանին: Սրբազանը ներկաներին հորդորեց ամենայն սիրով այցելել եկեղեցի` մշտապես իրենց աղոթքներով լցնել և աչքի լույսի պես պահել այն: Սուրբ Պատարագի ավարտին` Գարգառ և հարևան Պուշկինո գյուղի դպրոցների աշակերտների և Վորլդ Վիժն կազմակերպության կողմից եկեղեցու բակում կազմակերպվեց Զատկական միջոցառում: Վերջում` համայնքի բնակիչներն ու ուխտավորները ճաշակեցին ուխտի մատաղ: [b]ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր