211652_close_icon
views-count18206 դիտում article-date 22:55 25-04-2017

Հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել դպրոցներում և մանկապարտեզներում ավարտական միջոցառումների առիթով հնարավոր դրամահավաքության դեպքերը կանխելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զեկուցել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի միջոցով կատարված նվիրատվությունների շնորհիվ մայրաքաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը պարբերաբար ներկայացնել այդ մասով կատարված աշխատանքներն ու մեկ անգամ ևս հիշեցնել, որ ծրագրերին մասնակցությունը պարտադրված բնույթ չի կրում: «Նախաձեռնության նպատակն ի սկզբանե եղել է կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը, ինչը, կարող ենք փաստել, որ այս ծրագրերի շնորհիվ հաջողվել է: Ծրագիրը հիմնականում ուղղված է մանկապարտեզների և դպրցների նախկին շրջանավարտներին, ովքեր ցանկության դեպքում կարող են աջակցել իրենց հաճախած հաստատությանը՝ սեփական լուման ունենալով դրանց բարեկարգման հարցում: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ իրենց մասնակցությունն են ունեցել այս ծրագրերին` այդպիսով նաև ձևավորելով որոշակի մշակույթ՝ ապագա շրջանավարտների համար», - նշել է Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով մայիսի 26-ին նախատեսված Վերջին զանգի միջոցառումներին` Երևանի քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել դրանց պաշտաճ կազմակերպման ուղղությամբ: Հանձնարարվել է հսկողություն սահմանել նաև դպրոցներում ավարտական քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման նկատմամբ: Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել նաև քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում ավարտական միջոցառումների առիթով հնարավոր դրամահավաքության դեպքերը կանխելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր