211652_close_icon
views-count1261 դիտում article-date 20:05 03-05-2017

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտներին դիպլոմներ են հանձնվել

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել է 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլը: Բարձր արդյունք ցուցաբերած 74 աշակերտ պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով։ 4 աշակերտ տարբեր առարկաներից արժանացել է կրկնակի, իսկ մեկ աշակերտ` քառակի դիպլոմի: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի դիպլոմներով պարգևատրվող աշակերտները մայրաքաղաքի հիմնական և ավագ դպրոցների, ինչպես նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, «Քվանթ» վարժարանի, «ԱՅԲ» կրթահամալիրի սաներն են։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով բոլոր դիպլոմակիրներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահություն է հայտնել, որ աշակերտները լիովին պատրաստ են հանդես գալու միջազգային տարբեր օլիմպիադաներում: «Շնորհավորում եմ բոլորին առարկայական օլիմպիադայում գրանցած հաջողությունների համար: Այս տաղանդավոր երեխաներն իսկապես պատիվ են բերում մեր երկրին ու, իհարկե, նաև քաղաքամայր Երևանին: Գրանցած ձեռքբերումներն, անշուշտ, մանկավարժների աշխատանքի արդյունք են, որոնց շնորհիվ աշակերտներն այսօր հպարտությամբ կանգնած են այստեղ», - նշել է Արամ Սուքիասյանը: Նշենք, որ 16 առարկայից անցկացվող օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է 2356 աշակերտ, որոնցից դիպլոմների են արժանացել 417-ը, որոնցից 2-րդ կարգի՝ 116, իսկ 3-րդ կարգի՝ 227 աշակերտ: Իսկ քաղաքային փուլի մասնակից աշակերտներից 595-ը մասնակցում են առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին:

Նմանատիպ նյութեր