211652_close_icon
views-count14888 դիտում article-date 10:57 04-05-2017

«Պլատոնի» թակարդը. Ռուսաստանից հայկական բեռնափոխադրումները կթանկանան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օրերս ընդունել է ՌԴ-ում «Պլատոն» համակարգը ներդրած կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոն Զամկովին։ Կազմակերպությունը պետք է ուսումնասիրի Հայաստանում համակարգի ներդրման հնարավորությունը, ներկայացնի տնտեսական հիմնավորումները: «Պլատոն» համակարգը հնարավորություն է տալիս հետևել 12 տոննա և ավելի բեռի տեղաշարժի ամբողջ ընթացքին, թե որտե՞ղ է գտնվում, քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել, տեղեկություն ստանալ տրանսպորտային միջոցի չափերի, բեռի քաշի մասին, և այլն։ Այդ ամենը կարող է վերահսկել ոչ միայն բեռնափոխադրողը, այլ նաև պատվիրատուն։ Այս ամենը, բնականաբար, կատարվում է որոշակի գումարի դիմաց։ Առաջին հայացքից, կարծես, դրական քայլ է արվում, սակայն խնդիրն այն է, որ «Պլատոն» համակարգը պարտադիր է դառնում ԵՏՄ անդամների համար, և ուշ թե շուտ հայ բեռնափոխադրող վարորդները ստիված են լինելու վճարել թե՛ Հայաստանում, թե՛ ԵՏՄ այլ երկրներում։ Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը «168 ժամ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ նախ՝ մեր երկրում միջազգային նշանակության ճանապարհներն այնքան կարճ են, որ համակարգի ներդրումն արդյունավետ չի լինի։ Համակարգի մաս դառնալու դեպքում, ըստ Մ. Առաքելյանի, հայկական մեքենաները Ռուսաստանում փոխադրումների համար պարտավոր կլինեն վճարել։ «Դա ճանապարհահարկ է՝ 1 կմ-ի հաշվարկով։ Մինչև հիմա հայկական մեքենաները Ռուսաստանում հարկ չէին վճարում։ Եթե մենք ընդունենք այդ համակարգը, ապա նաև հայկական մեքենաները պարտավոր կլինեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում վճարել։ 1 կմ-ի արժեքը 1 ռուբլի 37 կոպեկ էր մինչև մայիս, բայց մայիսից վարձը պետք է թանկանար և դառնար 3 ռուբլի 80 կոպեկ։ Ապրիլին Ռուսաստանում բավականին մեծ բունտեր եղան ռուս վարորդների կողմից, որոնք նաև պնդում էին, որ ռուսական ճանապարհներից օգտվող հայ վարորդներն էլ մասնակցեն այդ ցույցերին։ Իհարկե, հայկական մեքենաների քանակն այդքան շատ չէ, և հայ վարորդներն այդքան ակտիվ չեն եղել։ Ռուսական բեռնատարների տերերը բավականին ընդվզում են թանկացման դեմ, որովհետև նախկին գինն ինչ-որ տեղ ընդունելի է, և այս պահի դրությամբ անցած տարում մոտ 22 մլն ռուբլի է հավաքվել այդ «Պլատոնից»։ Ես կարծում եմ, որ ռուսական կառավարությունը չի հրաժարվի թանկացումից, և բարձր գինը կգործի։ Կարծում եմ ՝ դա մեր դուռն էլ կգա, արդեն պարտավորված կլինենք»։ Մ. Առաքելյանի կարծիքով՝ համակարգի վճարը չնչին գումար է, բայց, բնականաբար, ապրանքների ինքնարժեքի վրա ազդելու է։ Ըստ նրա՝ եթե Հայաստանից մինչև Մոսկվա փոխադրողը 2300-2500 կմ ճանապարհ է անցնում, որը նախկին գնով նվազագույնը 3000 ռուբլով կթանկանա, իսկ նոր գնով, բնականաբար, ավելի շատ՝ առնվազն 9000 ռուբլի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր