211652_close_icon

Չկա որևէ դատական ակտ, որն ապացուցել է Տարոն Մարգարյանի մեղավորությունը, հարց է, թե ինչու են 4 տարի անց որոշել քրհետապնդում հարուցել նրա նկատմամբ․ պաշտպան

views-count2407 դիտում article-date 21:59 27-03-2025
Չկա որևէ դատական ակտ, որն ապացուցել է Տարոն Մարգարյանի մեղավորությունը, հարց է, թե ինչու են 4 տարի անց որոշել քրհետապնդում հարուցել նրա նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարոն Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյանը․

«Այսօր ՀՀ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի կողմից կատարված մի շարք հայտարարությունների մասով հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում.

Նախևառաջ պետք է հստակ ֆիքսել, որ 2018 թվականին հարուցված և 2022 թվականից դատարանում քննվող քրեական գործով թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում պարոն Մարգարյանը երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը, հստակ նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում այն պարզ պատճառաբանությամբ, որ երբևէ որևէ հակաօրինական, առավել ևս հանցավոր արարք չի կատարել։

Ինչ վերաբերվում է դատարանում քննվող գործի շրջանակներում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Տ.Մարգարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելուն, ապա այդ կապակցությամբ պարոն Մարգարյանը երբևէ չի ընդունել առաջադրված մեղադրանքը, այլ նշել է, որ չի առարկում, որ քրեական հետապնդումը դադարեցվի կատարված ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ կրկին շեշտելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ երբևէ որևէ հանցավոր արարք չի կատարել։

Հետևաբար, գլխավոր դատախազի պնդումն առ այն, որ Տարոն Մարգարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ վերջինիս կողմից դիրքորոշում չի հայտնվել, իրականությանը չի համապատասխանում։

Վերը նշված հանգամանքը դժվար չէ ստուգել. դատաքննությունը եղել է հրապարակային, իսկ դատական նիստի ընթացքը ոչ միայն արձանագրվել է թղթային եղանակով, այլև ձայնագրվել։

Երկրորդ արձանագրումը՝

Գլխավոր դատախազն Ազգային ժողովում նշեց, որ՝ «մենք սպասեցինք դատարանի կողմից որոշում կլինի և կդիտենք նախկինում թույլ տրված չարաշահումները որպես «պրեդիկատ» հանցագործություն՝ նախորդող հանցագործություն, որը անհրաժեշտ է փողերի լվացման համար...»՝ թերևս այդ ձևով փորձելով պատճառաբանել, թե ինչու են այսքան ժամանակ անց հիշել պարոն Մարգարյանի կողմից «փողերի լվացում» կատարելու մասին։

Մինչդեռ հարկ է փաստել, որ դատարանում քննվող քրեական գործով առկա չէ որևէ դատական ակտ, որով այս կամ այն կերպ հաստատված է առաջադրված մեղադրանքում Տարոն Մարգարյանի մեղավորությունը, որևէ ձևով՝ թեկուզ անուղղակի հաստատված է Տարոն Մարգարյանի կողմից հակաօրինական արարք կամ ինչպես նշեց գլխավոր դատախազը՝ «չարաշահումներ» կատարելու փաստը։

Այս մտքով, սակայն, գլխավոր դատախազն ըստ էության հակասում է ինքն իրեն. մի կողմից նշում է, որ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված մոտեցումներով՝ ամենևին անհրաժեշտ չէ, որ նախորդող հանցանքը հաստատված լինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, մյուս կողմից՝ պնդում է, որ սպասել են դատարանի ակտին, որով կհաստատվի նախորդող հանցանքը։

Այս պայմաններում առավել քան ակտուալ է մնում այն հարցը, թե ինչու են քննչականն ու դատախազությունը միայն 4 տարի անց որոշել պարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել «փողերի լվացման» համար»։

Նմանատիպ նյութեր