211652_close_icon
views-count19998 դիտում article-date 07:27 06-05-2017

Հարցազրույց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հարցազրույցը՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ. - Հարգելի՛ գեներալ, ընդունեք շնորհավորանքներս Երկրապահի օրվա կապակցությամբ եւ խնդրում եմ ներկայացրեք՝ ի՞նչ զգացմունքներ ունեք, օրն ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար։ - Ես էլ շնորհավորանքներով սկսեմ։ Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ազգին Երկրապահի օրվա եւ մայիսյան տոների կապակցությամբ։ Շնորհավորում եմ մեր նահատակ ընկերներին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, շնորհավորում եմ առյուծներ ծնած հայոց հերոս մայրերին, մեր Մեծ մայրիկ տիկին Գրետային, ով ազգին Սպարապետ է պարգեւել, շնորհավորում եմ սահմանին կանգնած հայ զինվորներին, մեր բանակին՝ շարքայինից նախարար եւ գերագույն գլխավոր հրամանատար, մեր պատանի եւ երիտասարդ երկրապահներին եմ շնորհավորում եւ իրենց ծնողներին։ Սա աշխարհի բոլոր հայերի տոնն է։ Սա քառատոն է՝ Երկրապահի օր, Շուշիի ազատագրում, հաղթանակ Մեծ հայրենականում եւ Արցախի պաշտպանության բանակի 25-ամյակ։ Ինքս այդ բանակի առաջին մարտիկներից, առաջին հրամանատարներից եմ եղել, բա հիմա ո՞նց չհպարտանամ որ իմ եւ ընկերներիս ստեղծած բանակն արդեն 25 տարեկան է։ - Իսկ այսօրվա բանակի մարտունակության մասին ի՞նչ կարող եք ասել։ - Մեր բանակը հզոր է եւ մարտունակ։ Այսօր առաջնագծում կանգնած՝ հայրենիքի նկատմամբ պարտքն են կատարում Արցախյան հերոսամարտը կերտածների զավակները, թոռները։ Իսկ առյուծի ձագն առյուծ է լինում։ Ես հենց այնպես խոսքեր չեմ ասում։ Նախորդ տարվա ապրիլյան պատերազմն էլ ապացուցեց, որ մեր բանակն ունակ է իրականացնել ցանկացած մարտական առաջադրանք։ Ցավոք, քաջարի տղաներ են նահատակվում։ Փառք նրանց։ Այդ քաջերը, սակայն, անմահանում են, նրանք երկնքից էլ հսկում են մեզ։ Իսկ Երկրապահը միշտ հայ դիրքապահի հետ է, սահմանաբնակ հայ ժողովրդի հետ է։ Մենք շարունակաբար լինում ենք սահմանային զորամասերում, մարտական հենակետերում։ Այդ պատճառով էլ ապրիլյան պատերազմի օրերին կարողացանք արագ կազմակերպվել եւ մի քանի ժամում հազարներով կանգնել առաջնագծում՝ միաժամանակ նաեւ թիկունքում անհրաժեշտ քանակությամբ տղաներ ունենալով։ - Երկրապահը բանակի հետ այսօր եւս գործակցում է, այսինքն։ - Այլ կերպ լինել չէր կարող։ Սա մեր ստեղծած բանակն է, մենք դրա համար պատասխանատու ենք։ Հայոց բանակի լավագույն զինվորներն ու սպաները դառնում են մեր «Պատանի երկրապահ» եւ «Երիատասարդ երկրապահ» կառույցներով անցած տղաները։ Այս օղակների միջոցով, գործընկեր կառույցների եւ հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ, մենք Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիների ենք կրթում, դաստիարակում։ Մեր դպրոցն անցած տղաներն ու աղջիկները հանրության, պետության, հայրենիքի եւ իրենց ընտանիքների համար պիտանի մարդիկ են դառնում։ Ես, օրինակ, շատ հպարտ եմ, որ «Ազգ-բանակ-2017» ցուցադրության շրջանակներում կազմակերպված բոլոր մրցույթներում՝ սկսած ինտելեկտուալից մինչեւ շարային եւ այլն, հաղթեցին մեր պատանի երկրապահները։ Սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, սա նշանակում է, որ վաղվա Հայաստանի եւ Արցախի առաջընթացը, հզորացումն, ամրացումը երաշխավորված են։ - Եթե կարելի է՝ մի քանի խոսքով էլ քաղաքական զարգացումներին անդրադառնանք։ Երկրապահը կարծես ակտիվորեն մասնակցում է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին։ Դա՞ ինչով է պայմանավորված։ - Մենք միշտ եւ բոլոր ընտրություններին ակտիվորեն մասնակցում ենք, որովհետեւ չենք կարող անտարբեր լինել մեր հայրենիքի, մեր երկրի, մեր ազգի, մեր ստեղծած պետության ճակատագրի նկատմամբ։ Մենք վստահում եւ սատարում ենք մեր մարտական ընկեր, նախագահ Սերժ Սարգսյանին։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ԵԿՄ վարչության անդամ է։ Այդ իսկ պատճառով ավագանու ընտրության ՀՀԿ ցուցակում ընդգրկված են ԵԿՄ վարչության անդամներ, երկրապահներ։ Երեւան քաղաքի բնակիչ ավելի քան 25 000 երկրապահ կա։ Մենք մեր վճռական խոսքը պարտավոր ենք ասել։ - Եվ զրույցի ավարտին համառոտ կներկայացնե՞ք, թե ինչ միջոցառումներ են սպասվում մայիսի 8-ին։ - Օրն սկսելու ենք ԵԿՄ վարչության տարածքում Սպարապետի կիսանդրին եւ ի փառս Երկրապահի խաչքարը ծաղկադրելով։ Հետո կայցելենք Եռաբլուր, կխոնարհվենք Սպարապետի եւ բոլոր նահատակների շիրիմների առջեւ։ Մեր պատվիրակությունները կլինեն բոլոր պանթեոններում, բոլոր եղբայրական գերեզմաններում, բոլոր պատմական հուշարձանների մոտ։ Եռասերունդ մեծ պատվիրակություն կմասնակցի Շուշիում անցկացվող պետական միջոցառումներին։ Պաշտպանության բանակի 25-ամյակի միջոցառումներն անչափ կարեւոր են, որովհետեւ՝ ինչպես նշեցի՝ ինքս այդ բանակի հիմնադիրներից եմ՝ առաջին սպաներից: Կարեւոր են նաեւ Շուշիի ազատագրման 25-ամյակի միջոցառումները, քանզի մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանը Շուշիի ազատագրման ժամանակ խոստացավ, որ ինքն ամուսնանալու է: Հաղթանակի զբոսայգում մասնակցելու ենք Մեծ հայրենականում տարած հաղթանակի տոնակատարություններին: Հենց հայրենականի սերունդից մեզ փոխանցվեց հայրենասիրությունը, մեր պապերի դաստիարակության արդյունքն էր, որ մենք կարողացանք Արցախյան ազատամարտում հաղթանակներ ունենալ: Ես ընդգծեմ, որ Երկրապահի օրը ոչ միայն պետական ճանաչում ունի եւ ընդգրկվել է ազգային տոնացույցում, այլեւ ունի մայր եկեղեցու օրհնությունը։ Մայր տաճարում եւ բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվելու։ Մայր տաճարի միջոցառման ժամանակ վեհափառի օրհնած հայ առաքելական եկեղեցու դրոշ ենք ստանալու։ Առավել մանրամասն կիմանաք, եթե մասնակցեք մեր միջոցառումներին։ Հրավիրում ենք։ Հավելեմ միայն, որ ամբողջ մայիս ամսվա ընթացքում Երկրապահի բոլոր տարածքային բաժանմունքներում շարունակաբար անցկացվելու են Երկրապահի օրվան եւ հաղթանակների ամսին նվիրված միջոցառումներ:

Նմանատիպ նյութեր