4473 դիտում
20:32 11-05-2017
«Անտառի հերն անիծում են, պետք է չհանդուրժեք նման դեպքերը. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարարություն այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրներն ու անելիքները:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է ՀՀ կառավարության 2017 թ. գործունեության ծրագրով նախատեսված գերակա խնդիրների և միջոցառումների կատարման մասին: Նշվել է, որ ոլորտում իրականացվում է 25 ներդրումային ծրագիր, որից 23-ը դրամաշնորհային են, 2-ը՝ պետական բյուջեից ֆինանսավորվող՝ 184 453.4 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:
Անդրադառնալով ջրային ռեսուրսների կառավարման մասով արված քայլերին՝ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգնմանն ուղղված աշխատանքները: Նրա խոսքով՝ որպես խնդրի լուծում նախատեսվում է բոլոր ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրում, որն առցանց վերահսկողություն կապահովի ջրօգտագործման ոլորտում: Համակարգը փորձնական արդեն տեղադրվել է մեկ տնտեսությունում: Նախատեսվում է այն ներդնել 3 փուլով՝ մինչև 2018 թվականը:
Կառավարության ղեկավարը կարևորել է ավտոմատ կառավարման համակարգի տեղադրման արդյունքում մուլտիպլիկատիվ էֆեկտի ապահովումը: «Համակարգը պետք է լինի մոտիվացնող, արդար և ռեսուրսի խնայողությանն ուղղված: Սպասում եմ համալիր լուծում՝ ինչպե՞ս ենք անում, որ մոտիվացնում ենք, ի՞նչ իրավական ակտեր պետք է փոխենք: Բիզնեսի հետ խոսում եք և խոսում եք մաքսիմալ հարգալից: Եկեք խաղի կանոններն այնպես դնենք, որ բիզնեսը դրանից չտուժի: Եթե այդպիսի լուծում կա, բիզնեսը տեղավորվում է, ապա լավ, եթե ոչ՝ այդ բիզնեսը մեզ համար անընդունելի է», - նշել է վարչապետը՝ հանձնարարելով ներկայացնել Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ռեֆորմի առաջարկություն:
Հաջորդիվ Կարեն Կարապետյանին զեկուցվել է Սևանա լճի մասով կատարվող քայլերի մասին. այսօրվա դրությամբ ջրի մակարդակը կազմում է 1900.76 մ, դրական աճի միտումը, համաձայն օրենքի, ապահովվում է, և ընդհանուր առմամբ վերջին տարիներին կայուն աճ է արձանագրվում: Ներկայիս հայեցակարգով նախատեսվում է մինչև 2030 թ. լճի մակարդակի բարձրացում մինչև 1903.5 մ, և այսօրվա տեմպով այդ նպատակին հնարավոր կլինի հասնել:
«Բոլորս Սևանը սիրում ենք, բայց հիմնավորեք այդ ամեն ինչը: Այդ դեպքում մենք կհասկանանք, որ պատասխանատու որոշում ենք կայացրել և լրացուցիչ բեռ չենք բերել, որովհետև ես շատ լավ հասկանում եմ, որ այս բարձրացումը կարող է լրացուցիչ ծախսեր բերի՝ ճանապարհ, ենթակառուցվածքներ, գազ և այլն: Իրականում պետք է կապիտալիզացնենք և հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Ձեզնից ակնկալում եմ հիմնավորված տեսլական», - նշել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների՝ արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի և բնության հուշարձանների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքը:
Ծանոթանալով արձանագրված ցուցանիշներին և գործող համակարգի արդյունքներին՝ վարչապետը հանձնարարել է մշակել բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման հստակ ուղենիշներ, որոնք կապահովեն սեփական եկամուտների աճ, էկոտուրիզմի զարգացում, կանաչ տարածքների պահպանում և կառավարման արդյունավետություն:
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխարգելման խնդրին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է առավելագույնս անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: «Անտառի հերն անիծում են: Դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, պետք է չհանդուրժեք նման դեպքերը», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով առաջարկություններ ներկայացնել անտառների կառավարման և հսկողության գործառույթների տարանջատման, ինչպես նաև Բնապահպանական պետական տեսչության բարեփոխումների վերաբերյալ:
Կառավարության ղեկավարին տեղեկատվություն է ներկայացվել նաև կլիմայի փոփոխության, ընդերքօգտագործման և այլ ուղղություններով իրականացվող միջոցառումների մասին: Նախարար Մինասյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում ախտորոշված խնդիրները՝ միասնական կառավարման համակարգի և քաղաքականության բացակայություն ու բնական ռեսուրսների առաջարկի /օգտագործման/ ոչ արդյունավետ կառավարում, ջրավազանային տարածքների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետ համակարգի բացակայություն, կոռուպցիոն ռիսկերի առկայություն, պետություն-մասնավոր հատված համագործակցության ցածր մակարդակ, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման էկոհամակարգային մոտեցման բացակայություն, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պետական միասնական մոնիթորինգի, տեղեկատվական ու հաշվառման /կադաստրների վարման/ ամբողջական համակարգի բացակայություն: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան առաջարկությունների փաթեթ:
Նմանատիպ նյութեր
3925 դիտում
15:49 11-07-2020
Վեդու ձկների հերն անիծում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված