211652_close_icon
views-count6958 դիտում article-date 21:48 12-05-2017

Հանրապետության 8 մարզերում քննարկվել են հանրակրթության ոլորտում սննդամթերքի անվտանգության խնդիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչները, հանրակրթության ոլորտում սննդամթերքի անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով, այցելել են հանրապետության Շիրակի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Արարատի մարզեր՝ կրթության ոլորտի պատասխանատուների և հանրակրթական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպումների ընթացքում անդրադառնալով մի շարք համակարգային խնդիրների: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչների մարզային հանդիպումների նպատակը նախ և առաջ եղել է սննդամթերքի անվտանգության ոլորտում առաջացող խնդիրների կանխարգելումը։ ՍԱՊԾ պատասխանատուները, ներկայացնելով սննդամթերքի անվտանգության համար անհրաժեշտ օրենսդրական պահանջները, խոսել են առավել հաճախ հանդիպող անհամապատասխանությունների, խախտումների, ինչպես նաև դրանց վերացման ուղղությամբ Ծառայության կողմից ձեռնարկվող պետական վերահսկողության միջոցառումների մասին, ներկայացրել են դպրոցներում սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները և հորդորել ավելի ուշադիր հսկել հանրակրթարաններում տնտեսավարող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների իրականացմանը: Անցած երկու ամիսների ընթացքում Ծառայության տարածքային կենտրոնների տեսուչները շրջայցեր և պետական վերահսկողության գործողություններ են իրականացրել հանրապետության 948 նախակրթական և հանրակրթական հաստատություններում: Խախտումներ և անհամապատասխանություններ հայտնաբերվել են 292-ում՝ Շիրակի մարզի 141 հաստատություններից 11-ում, Արագածոտնի մարզի 58 հաստատություններից 21-ում, Արմավիր մարզի 47 հաստատություններից 4-ում, Տավուշի մարզի 10 հաստատություններից 4-ում, Վայոց Ձորի մարզի 54 հաստատություններից 37-ում, Գեղարքունիք 120 հաստատություններից 82-ում, Լոռու մարզի 131 հաստատություններից 47-ում, Կոտայքի մարզի 67 հաստատություններից 50-ում, Սյունիքի մարզի 160 հաստատություններից 20-ում, Արարատի մարզի 160 հաստատություններից 16-ում: Խախտումներն ու անհամապատասխանությունները հիմնականում եղել են հետևյալ բնույթի. չեն ապահովվել սննդամթերքի պահման համապատասխան պայմանները, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք, առկա չեն եղել սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների պարբերական բուժզննության գրքույկները, սննդամթերքի ուղեկցող փաստաթղթերը, չեն ունեցել անհրաժեշտ գույք, մթերքի մշակման և պատրաստման համար սարքավորումներ: Մի շարք դպրոցներ չեն ունեցել բուֆետ կամ ճաշարան, թեև մատակարարել են չոր սնունդ, իսկ որոշ դպրոցներում առկա են եղել չթույլատրվող գազավորված հյութեր և սուրճ: Հանդիպումների ընթացքում Ծառայության մարզային կենտրոնների ղեկավարները վստահեցրել են, որ սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցի մասնագետները պատրաստ են թե խորհրդատվության, թե մասնագիտական աջակցության միջոցով նպաստել առկա խնդիրների հնարավոր լուծումներին: Քննարկվել են նաև հաց-հացաբուլկեղեն մատակարարող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի ներդրման ուղղությամբ արվող քայլերը, ինչպես նաև տեղեկացվել, որ 2017 թվականի մայիսի 1-ից պետական գնումներով պետք է ձեռք բերվի բացառապես սպանդանոցային ծագման միս և՝ որ մատակարարվող սնունդը պետք է ունենա անվտանգությունը հավաստող փաստաթղթեր։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ՍԱՊԾ պատասխանատուները կրթության ոլորտի պատասխանատուների և հանրակրթական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպումներ կունենան նաև Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում: Մինչ այս հանդիպումներ կազմակերպվել են նաև Վայոց Ձորի և Արմավիրի մարզերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր