211652_close_icon
views-count682 դիտում article-date 16:01 16-05-2017

Արա Զոհրաբյանը Թբիլիսիում ներկայացրել է ՀՀ-ում փաստաբանի կարգավիճակի ձեռքբերման ընթացակարգի մասին զեկույցը

2017թ. մայիսի 12-ից 13-ը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի փաստաբանների միության կողմից կազմակերպված երկրորդ միջազգային գիտաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՓՊ մամուլի կենտրոնից։ Գիտաժողովի հիմնական ուղղվածությունը ժամանակակից փաստաբանության մարտահրավերների քննարկումն էր: Գիտաժողովի բացմանը մասնակցել են նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Գիտաժողովին բացման խոսքերով հանդես են եկել մասնակցող փաստաբանական կառույցների ղեկավարները: Բացմանը ողջույնի խոսքով հանդես գալով՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է նման միջոցառումների իրականացումը՝ նշելով, որ դրանք ամրացնում են մասնակից երկրների միջև մասնագիտական համագործակցությունը և նպաստում լավագույն փորձի փոխանակմանը: Գիտաժողովը բաղկացած է եղել մի քանի մասերից, որոնցից յուրաքանչյուրում հանդես են եկել ԱՊՀ և Բալթյան երկրների պատվիրակները: Հիմնականում քննարկվել են իրավական գործունեության երաշխավորություններին ու առանձնահատկություններին, փաստաբանության միջազգային երաշխիքներին, փաստաբաններին պաշտպանող փաստաբանության յուրահատկություններին, իրավաբանների անդրսահմանային ներկայացուցչությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր: Քննարկվել է նաև սոցիալական կայքերի և մեդիայի ազդեցությունը փաստաբանի մասնագիտության և տվյալների պաշտպանության գործում: Արա Զոհրաբյանը գործընկերներին է ներկայացրել «Փաստաբանի կարգավիճակի ձեռքբերման ընթացակարգը և մասնագիտական կրթության չափորոշիչները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցը: Զեկույցի հիմքում ՀՀ փաստաբանական դպրոցի կազմավորման, դպրոցի դասընթացների կազմակերպման և միջազգային փորձի վրա հիմնված կրթական ծրագրային առանձնահատկություններն են եղել: Գիտաժողովին ծավալված քննարկման արդյունքում մասնակից երկրների պատվիրակները բարձր են գնահատել Հայաստանի փաստաբանական համայնքի և փաստաբանական դպրոցի ներկա վիճակը՝ ընդգծելով դրանց ինստիտուցիոնալ առավելությունները: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի այդ կառույցների մեր մասնագետների միջոցով դրական փորձի տեղակայման հետագա գործնական քայլեր իրականացնել ԱՊՀ մի շարք երկրների համար: ՀՀ ՓՊ պատվիրակության կազմում էին խորհրդի անդամներ Կարեն Սարդարյանը և Հարություն Հարությունյանը, ինչպես նաև ՓՊ նախագահի տեղակալ Արթուր Դավթյանը:

Նմանատիպ նյութեր