2911 դիտում
10:52 17-05-2017
Մարդը տիեզերքի կենտրոն է, և միակ բանը, որը պետք է նրան կաշկանդի, պետության օրենքներն են. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քաղաքական ուժերը ժամանակ առ ժամանակ կիրառում են «մարդակենտրոն» բառը: Չգիտեմ, թե ինչ են նրանք դրա տակ հասկանում: Հավանաբար, այն մարդուն, որն իրենց կուսակցությունը ղեկավարում է դեմոկրատական ցենտրալիզմի ոգով: Ես ունեմ մարդակենտրոնության մասին իմ պատկերացումը, որը գուցե չափազանց հեռու է գիտականից: Ցանկացած մարդ տիեզերքի կենտրոն է, և միակ բանը, որը պետք է նրան կաշկանդի, սահմանափակի, պետության օրենքներն են: Դրանից դուրս մարդկանց որևէ բան ստիպելը, որևէ բան նրանց վզին փաթաթելը սխալ է և վնասակար:
Ես չեմ դիտում հնդկական սերիալներ, բայց չեմ ծաղրում նրանց, ովքեր այդ սերիալները դիտում են, նրանց վերևից ներքև չեմ նայում և չեմ կարծում, թե ես նրանցից ինչ-որ բանով լավն եմ: Ես երբեք չեմ կրի գեորգևյան ժապավեններ, որովհետև դրանք այլ պետության խորհրդանիշ են, բայց ես չեմ թշնամանում, չեմ նզովում իմ այն հայրենակիցներին, ովքեր այդ ժապավենները կրում են: Եթե դա այդ մարդկանց դուր է գալիս, ինչո՞ւ ես պետք է նրանց հոգեբանական տեռորի ենթարկեմ:
ՀՀԿ-ն ինձ դուր չի գալիս, ընդհանուր առմամբ «իշխող կուսակցությունը» հետխորհրդային տարածքում բավականին գորշ, ձանձրալի և չափազանց «ոչ կրեատիվ» երևույթ է: Բայց ես չեմ կարող չտեսնել, որ, օրինակ, Վիգեն Սարգսյանը կամ Արփինե Հովհաննիսյանն ավելի գրագետ են և նախընտրական շրջանում ավելի լավ էին պատրաստված, քան իմ ընդդիմադիր զրուցակիցների մեծ մասը: Իսկ Երևանի ավագանու քարոզարշավի ժամանակ նյութին ամբողջությամբ տիրապետում էր Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Չեմ կարող բոլորին ներկել սև և սպիտակ ներկով: Բայց եթե կան մարդիկ, որոնք հակված են այդպես մոտենալ կյանքին՝ իրենց գործն է, որևէ մեկի կարծիքի վրա չեմ պատրաստվում բռնանալ: Թող վերցնեն այն ներկը, որն իրենց դուր է գալիս:
Ես հետս չէի վերցնի իմ երեխային, եթե ուզեի քաղաքական մրցակցիս շտաբում կռիվ սարքել, բայց ամեն ծնող ինքն է որոշում, թե ո՛ր միջոցառումներին տանել սեփական զավակին: Ինձ տգեղ են թվում հեգնական գրառումները, որտեղ օգտատերերը չարախնդում են, որ երեխան ուղեղի ցնցում է ստացել: Պարզ է, որ ոչ ոք չէր ուզում նրան վնասել, միևնույն է` ճիշտ է, իմ կարծիքով, ցանկացած երեխայի, ցանկացած մարդու ցավը զգալ որպես քոնը: Բայց այստեղ էլ որևէ պարտադրանք չկա: Եթե մարդն ընդունակ է զգալ միայն իր ցավը, դա էլ պետք է ընդունել որպես իրողություն:
Ապրեք, ինչպես ուզում եք (օրենքի շրջանակներում, իհարկե): Ոչ թե այնպես, ինչպես ուրիշներն են ուզում, նույնիսկ այն դեպքում, եթե այդ «ուրիշները» ձեր հարազատներն են: Թող ուրիշներն էլ իրենց ուզածի պես ապրեն: Շատ պարզ բանաձև է: Եվ, ամենակարևորը՝ մարդակենտրոն:
[b]Ամբողջոությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1780 դիտում
21:50 18-08-2024
Կխնդրեմ վերադարձնել մարդկանց հիշողությունը՝ միակ բանը, որը նախիրը հասարակություն է դարձնում. Միքայել Մինասյան
3155 դիտում
10:48 27-11-2018
Փոխվել է այն միակ մարդը, որը Հայաստանում որոշում է ընդունում․ «Առավոտ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը