19275 դիտում
16:44 18-05-2017
Արա Բաբլոյանն 88 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ ԱԺ ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց ԱԺ նախագահի ընտրության արդյունքները:
Քվեարկությանը մասնակցած 100 պատգամավորներից 88-ն ընտրել է ՀՀԿ թեկնածու Արա Բաբլոյանին, 12-ը՝ «Ելք»-ի թեկնածու Էդմոն Մարուքյանին: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը իր թեկնածության քննարկման ժամանակ հանդես էր եկել ելույթով.
«Հարգելի՛ նախագահող, Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ, շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ Նախագահին, Հանրապետական կուսակցության իմ գործընկերներին նման վստահության համար: Այդ վստահությունը ստիպում է ինձ մեր երկրի զարգացման անցումային այս փուլում լինել առավել պատասխանատու: Շատ լավ գիտակցում եմ եւ համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման անցնելու քաղաքական որոշման ու դրա իրագործման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ոչ միայն կառավարման համակարգի ճիշտ ընտրությամբ, այլեւ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, տքնաջան ու հետեւողական աշխատանքով:
Հարգելի՛ գործընկերներ, մենք լսեցինք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն Ազգային ժողովին եւ մեր ժողովրդին. համապարփակ եւ հստակ ծրագիր: Սրանք զուտ խոսքեր չէին, այլ ուղղակի ուղեցույց մեր ապագա անելիքների առումով:
Որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածու՝ այժմ համառոտ կներկայացնեմ իմ տեսլականի առանցքային դրույթները:
Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինչպես գիտենք, պատկանում է ժողովրդին, որն էլ իր քվեով ձեւավորեց այս Ազգային ժողովը: Հիմք ընդունելով այս պարզ ճշմարտությունը՝ պաշտոնավարմանս ընթացքում մշտապես ղեկավարվելու եմ այն գիտակցմամբ, որ ես հանրության քվեով ձեւավորված Ազգային ժողովի նախագահ եմ, ինչը բազմապատկելու է պարտավորվածությանս աստիճանը: Ելնելով այս համոզմունքից՝ վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր պետության եւ ժողովրդի շահերից:
Ասածս ավելի է ամրապնդվում, երբ դիտարկում ենք Ազգային ժողովի վերջին ընտրությունները: Բոլորիս համար փաստ է, որ այս ընտրությունները մյուս բոլոր ընտրություններից տարբերվեցին բարձր կազմակերպվածությամբ, խախտումների հնարավոր նվազեցմամբ ու կեղծիքների բացակայությամբ: Այդ ամենին մեզ հաջողվեց հասնել միասնական աշխատանքի արդյունքում, իշխանության եւ ընդդիմության քաղաքական բարձր կամքի դրեւորմամբ եւ համատեղ աշխատանքով: Վստահեցնում եմ, որ համատեղ աշխատանքի այսպիսի օրինակներն ավելանալու են: Վստահեցնում եմ նաեւ, որ անելու եմ հնարավորը, որպեսզի իշխանություն եւ ընդդիմություն համագործակցությունն առավել ամրապնդվի, որն էլ միտված է լինելու Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին:
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, ուստի իմ տեսլականը, բոլոր ծրագրերս ու գործողություններս չեն կարող տարբերվել այս սկզբունքներից:
Որպես ինքնիշխան պետության Ազգային ժողովի նախագահ՝ նպաստելու եմ երկրի ներսում պետական իշխանության գերակայությանը, իսկ արտաքին հարաբերություններում՝ լիարժեք անկախությանը:
Որպես սոցիալական պետության Ազգային ժողովի նախագահ՝ անհրաժեշտ եմ համարում սոցիալական քաղաքականության ռազմավարության մշակումն ու իրագործումը: Դրանում անհրաժեշտ եմ դիտարկում քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ակտիվ ներգրավվումը:
Առանցքային եմ համարում բիզնեսի ազատականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովումը: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ կառավարության, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի նախաձեռնած տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի բարենպաստ իրագործման համար օրենսդիր մարմնում կստեղծվեն լիարժեք պայմաններ:
Իրավական պետության ամբողջ գործունեությունը հիմնված է իրավունքի գերակայության վրա, որի գլխավոր նպատակը մարդու իրավունքների պահպանումն է: Նոր խորհրդարանում օրենսդիրներիս ջանքերը պետք է միտված լինեն իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը:
Սիրելի՛ գործընկերներ, որպես հայ մարդու՝ ինձ համար պետության հզորացման առանցքային երեք բաղադրիչներ կան՝ անվտանգություն, առողջություն եւ կրթվածություն:
Մենք պարտավոր ենք ապահովել մեր երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունը, ապահովել պետական իշխանությունը, ամրացնել մեր սահմանները, հզորացնել մեր բանակն ու պետությունը: Այս համատեքստում ուշադրության է արժանի «Ազգ-բանակ» հայեցակարգը: Այս առումով մենք պարզապես պարտավոր ենք հզորացնել եւ զարգացնել մեր զինված ուժերի պաշտպանական կարողությունները:
Հարգելի՛ գործընկերներ, Ազգային ժողովի գործունեության կարեւոր ոլորտներից է խորհրդարանական դիվանագիտությունը: Մենք պետք է առավել արդյունավետ օգտագործենք մեր մասնագիտական, իմացական, մարդկային, դիվանագիտական ողջ ներուժը, տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորությունները՝ միջազգային հարթակներում մեր պետական ու ազգային շահը պաշտպանելու համար: Այս ոլորտում հաջողություններ գրանցելու համար մենք պարտավոր ենք առավել ակտիվ աշխատել մի շարք միջազգային եւ միջխորհրդարանական կառույցներում, որոնցից են Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Միջխորհրդարանական միությունը, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը եւ մի շարք այլ կառույցներ: Առաջարկում եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել պատգամավորների գործունեությանը միջխորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի մակարդակում:
Կարեւոր եմ համարում Սփյուռքի հետ մեր ակտիվ համագործակցությունը:
Հարգելի՛ խորհրդարան, ամփոփելով ելույթս, եւս մեկ անգամ խորին երախտագիտությունս եմ հայտնում վստահության համար»:
[b]ՀՀ ԱԺ նախագահի կենսագրությունը
[/b]
Արա Սաենի Բաբլոյանը ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երեւանում:
1971թ. ավարտել է Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: Մանկաբույժ: 1989թ. երիկամի փոխպատվաստման մասնագիտացում է անցել Շվեյցարիայում եւ Բելգիայում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 2003-2005թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 2008-2012թթ.՝ ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ: Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի, Բելգիայի բժշկագիտության թագավորական ակադեմիայի անդամ:
1970թ. եղել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայի ուրոլոգիական բաժնի բուժակ: 1971-1977թթ.` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ: 1977-1997թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, 1982-1990թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ: 1990թ. հիմնադրել է ուրոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության մասնագիտացված կենտրոն: 1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: 1997 թվականից ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 2002-2003թթ.` «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: 2003-2007թթ.՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2007 թվականից՝ գիտական ղեկավար:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
3 գյուտի, 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ է:
Պարգեւատրվել է ԵՊԲՀ 70- եւ 75-ամյակի ոսկե մեդալներով (2000 եւ 2005թթ., ՀՀ ԿԳՆ), Երեւանի քաղաքապետարանի պատվոգրով (2005թ.), ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով (2005թ.), Հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ մասնագիտական համագործակցության զարգացման համար «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանով /«Officier de I'Ordre National Du Merite»/ (2005թ., Ֆրանսիայի Հանրապետություն), «Մխիթար Հերացի» (2007թ.), «Համագործակցության ամրապնդման համար» (2007թ., ՀՀ ոստիկանություն), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ) մեդալներով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+
Նմանատիպ նյութեր
5111 դիտում
16:40 23-12-2019
Արմեն Մելիքբեկյանը 13 ձայնով ընտրվեց ՀՖՖ նախագահ
934 դիտում
22:50 07-06-2024
Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»