211652_close_icon
views-count3114 դիտում article-date 14:58 19-05-2017

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

Մայիսի 19-ին աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։ Հանդիպմանը քննարկվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանը առնչվող մի շարք հարցեր։ Այդ համատեքստում անդրադարձ արվեց Հայաստան - Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը։ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկեցին կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրեց Հայաստանում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ԵԽԽՎ-ում ընթացող զարգացումներին և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հանդեպ վստահության վերականգման նպատակով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը։ Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Բաքուն անում է ամեն հնարավորը՝ խաղաղության գործընթացը խաթարելու ուղղությամբ։ Հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական պահանջերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը։ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին։ «Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», - շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նմանատիպ նյութեր