211652_close_icon
views-count4451 դիտում article-date 16:38 20-05-2017

Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացում պետք է դիտարկվի որպես դերակատար. Ալեքսանդր Մարգարով

Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա անմիջական ներգրավվածություն բանակցային գործընթացում, որը վերաբերում է իր ապագային: Այս մասին այսօր ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղի կողմից «Անվտանգությունը Հարավային Կովկասում չճանաչված պետությունների քաղաքական ինստիտուտների զարգացման համատեքստում» թեմայով կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարգարովը: Քաղաքագետի դիտարկմամբ՝ այսօր մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության պահանջարկ կա: Եվ այդ հարցի շուրջ է ծավալվելու հայ և այլազգի փորձագետների քննարկումը: «Բազմիցս հնչել է այն միտքը, որ Արցախի Հանրապետությունը պետք է դիտարկվի որպես բանակցային գործընթացի դերակատար: Առկա են հետևյալ երեք մոտեցումները. այն, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է հանդես գալ որպես ԼՂ անկախության և անվտանգության երաշխավորներից մեկը և ներկայացնում է այն մոտեցումը, որը կա Լեռնային Ղարաբաղում: Երկրորդ մոտեցումն այն է, որ համանախագահները պարբերաբար այցելում են և հանդիպումներ են ունենում այդ թվում նաև ԼՂ ներկայացուցիչների հետ: Եվ երրորդը՝ ոչ մի կարգավորում և լուծում հնարավոր չէ առանց այն մոտեցման, որը կարող են տալ Արցախի իշխանությունները և Արցախի ժողովուրդը: Այսօր խոսում ենք երեք տարրերի մասին, որոնք անմիջականորեն ոչ, բայց միջնորդավորված ապահովում են Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:

Նմանատիպ նյութեր