211652_close_icon
views-count2761 դիտում article-date 19:05 12-06-2017

ՀՀ ՄԻՊ-ն առաջարկում է խստացնել պատասխանատվությունը՝ փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, որով կխստացվի քրեական պատասխանատվությունը փաստաբանի աշխատանքը խոչնդոտելու համար: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած մոնիթորիգի և ստացված բողոքների քննարկման արդյունքում վեր են հանվել խնդիրներ՝ կապված ազատությունից զրկման վայրերում փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու, այդ վայրեր փաստաբանների անարգել մուտքի հետ: Այս խնդիրների լուծումն ունի առանցքային նշանակություն, քանի որ փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն առաջնային երաշխիք է անձի նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը կանխարգելելու և նրա նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդումը կանխելու համար: Ըստ այդմ, Պաշտպանի աշխատակազմում մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ: Նախագծի ընդունմամբ գործնականում առավել լիարժեք կիրացվի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով փաստաբանին վերապահված իրավասությունը, կապահովվի փաստաբանի առավել անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների առավել լիարժեք իրացումը: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է. ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ, պաշտոնատար անձից բացի, կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, որը խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությունը` առանց սուբյեկտների շրջանակի սահմանափակման: Ըստ այդմ, նախագիծը լրացնել առանձին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաև նախատեսել պատիժ ազատազրկման ձևով: Քրեական օրենսգրքի հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով: Վերոնշյալ նախագիծը և դրա հիմնավորումը դրվել են շրջանառության մեջ: Պաշտպանի կողմից նախագիծը կներկայացվի նաև իրավապաշտպան կազմակերպություններին՝ կարծիքի: Նախագիծը և դրա հիմնավորումը՝ [url=http://pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/proposal/1fe87ab811d1f3e15f00d2cffbb5e452.pdf]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր