211652_close_icon
views-count945 դիտում article-date 16:19 14-06-2017

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման ևս մեկ դեպքի վերաբերյալ քրգործի նախաքննությունը

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանի հաղորդման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Երևանի բնակիչ Հայկ Հունանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այսպես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը 14.05.2017թ.-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 10/29 ընտրատեղամասում, իր օրինական լիազորությունների շրջանակում բջջային հեռախոսով տեսանկարահանում է իրականացրել: Այդ ընթացքում հիշյալ ընտրատեղամաս այցելած Հայկ Հունանյանը, մոտենալով լրագրողին, տեսանկարահանումը դադարեցնելու անօրինական պահանջ է ներկայացրել վերջինիս: Հ. Հունանյանը ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը և փորձել խլել այն Տ. Խաչատրյանից` այդպիսով խոչընդոտելով զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի մասնագիտական օրինական գործունեությանը, որի հետևանքով լրագրողը չի կարողացել պատշաճ կերպով լուսաբանել քվեարկության ընթացքը: Զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար Հայկ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր