211652_close_icon
views-count3089 դիտում article-date 17:48 14-06-2017

ՀՀ էներգետիկայի նախարարը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է էներգետիկ ոլորտում նախատեսվող ծրագրերը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունիսի 14-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզին: Քննարկվել են էներգետիկ ոլորտում նախատեսվող ներդրումային ծրագրեր։ Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկայի նախարարության [url=http://www.minenergy.am/article/940]կայքը[/url]: «Մենք պատրաստել ենք մի շարք ներդրումային ծրագրեր և այս պահին կցանկանայի ներկայացնել դրանցից երկուսը»,- նշել է նախարարը՝ միաժամանակ ընգծելով, որ դրանով ներդրումային ծրագրերը չեն սահմանափակվի։ ԱՄՆ դեսպանին են ներկայացվել մասնավորապես «Շնող» հիդրոկայանի և Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության ջերմային կայանի կառուցման ծրագրերը։ «Շնող» ՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա։ Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 76 մեգավատ։ Նախնական գնահատումներով, ներդրումները կկազմեն շուրջ 150 մլն դոլար։ «Ծրագրի իրականացումը թույլ կտա օգտագործել առկա ջրային ներուժը։ Այն նաև հնարավորություն կընձեռի Լոռու մարզում նոր աշխատատեղերի ստեղծման համար»,-ասել է Աշոտ Մանուկյանը։ Անդրադառնալով Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրին՝ նախարարն առանձնացրել է վերջինիս ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական նշանակությունը՝ հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման առումով»։ Ողջունելով ներկայացված նախաձեռնությունը՝ Ռիչարդ Միլզն ընդգծել է ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել այդ ծրագրերը ներկայացնել ամերիկյան ընկերություններին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը։

Նմանատիպ նյութեր