211652_close_icon
views-count4631 դիտում article-date 18:11 11-10-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը

Ագրարային ոլորտում 50 մլն ներդրում է կատարվել, գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով տրամադրվել է 132 միավոր գյուղտեխնիկա, 2018 թ. կմեկնարկեն կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերը, մշակվում են մի շարք այլ նոր ծրագրեր ու նախաձեռնություններ՝ արդյունավետ, գրավիչ, եկամտաբեր, մրցունակ և ինդուստրիալ գյուղատնտեսություն զարգացնելու համար: Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը ներկայացրել է 2016-2017 թվականների ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, պատասխանել լրագրողների հարցերին: «Գյուղատնտեսությունը Հայաստանում թե' բնակլիմայական պայմանների, թե' մարդկային ռեսուրսների և թե' կարողությունների տեսանկյունից ունի զարգանալու մեծ ներուժ, բայց առկա են նաև շատ խնդիրներ, որոնք լուծելու արդյունքում մենք կունենանք ավելի արդյունավետ, գրավիչ, եկամտաբեր, մրցունակ և ինդուստրիալ գյուղատնտեսություն: Այս խնդիրները լուծելով մենք գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար հնարավորություն կստեղծենք ապրել առավել բարեկեցիկ կյանքով և զբաղվել գյուղատնտեսությամբ ոչ միայն իրենց առօրյա կարիքները հոգալու, այլ նաև զարգացած գյուղացիական տնտեսություններ դառնալու համար», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Ոլորտում առկա առավել կարևոր խնդիրների թվում նախարարը, մասնավորապես, մատնանշել է տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակը, մատչելի ֆինանսական ռեսուրսների բացակայությունը, ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովվածությունը, բնակլիմայական աղետներից ապահովվածության բացակայությունը, իրացման խնդրի առկայությունը, կրթական և խորհրդատվական համակարգերի մակարդակի բարձրացման, ինչպես նաև ագրարային ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությունը: Միաժամանակ նախարարը տեղեկացրել է, որ այդ խնդիրների վերացման ուղղությամբ արդեն իսկ մեկնարկել են մի շարք ծրագրեր, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում այս տարի տնտեսվարողներին տրամադրվել է 132 միավոր գյուղտեխնիկա: Ընթացիկ տարվա կարևոր նախաձեռնություների թվում նախարարը նշել է նաև Գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկերի և Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրերը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված և 2018 թվականին նախատեսվող ծրագրերի թվում նախարար Իգնատի Առաքելյանը մատնանշել է, Կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է տրամադրել կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկ տարեկան մինչև 2 % տոկոսադրույքով, մինչև 7 տարի մարման ժամկետով, Գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը, որով գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով տարեկան, 3 տարի մարման ժամկետով վարկեր և Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է մինչև 10 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այգետնկումներ իրականացնող տնտեսվարողներին պետության կողմից սուբսիդավորվող վարկի ապահովում 5% տարեկան տոկոսադրույքով: Նախարարը նաև նշել է, որ այս ծրագրերն ուղղված են գյուղացիական տնտեսությունների համար մատչելի ֆինանսական ռեսուրսների ապահովմանը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաև նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանի ագրարային բնագավառում նախատեսվող 120 մլն դոլար ներդրումներից արդեն իրականացվել է 50 միլիոն դոլարի ներդրում, որոնք ուղղվել են ինտենսիվ այգիների հիմնմանը, ինչպես նաև վերամշակող ընկերությունների և անասնաբուծական տնտեսությունների ստեղծմանն ու զարգացմանը: Նախարար Իգնատի Առաելյանի խոսքով` KfW բանկի հետ համատեղ այժմ քայլեր են ձեռնարկվում նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ, որով նախատեսվում է այս ոլորտում իրականացնել պիլոտային ծրագիր: Նախարարության առաջիկա նախաձեռնությունների թվում է նաև համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել անասնաբուժական ծառայությունների մատուցումը: ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր խոսքում ընդգծել է մասնագիտական կրթության և խորհրդատվական համակարգերի մակարդակի բարձրացման կարևորությունը: Խորհրդատվական համակարգի ձևավորման նպատակով հայտարարվել են բաց մրցույթներ, որոնց դիմելու հնարավորություն ունեն ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր մասնագետները: Խաղողի մթերման ընթացքի վերաբերյալ նախարարը տեղեկացրել է, որ այս տարի այն անցնում է կազմակերպված կերպով. «Մթերման դիմաց կատարվող վճարումների հետ կապված խնդիրներ առայժմ չկան, դեռ կան նախկինում չվճարված գումարներ, խնդրի լուծումը մենք փորձում ենք տալ մեր հնարավորության սահմաններում», - նշել է նախարարը: Անդրադառնալով մսամթերքի շուկայում վերջերս արձանագրված թանկացումներին` նախարարը նշել է, որ խոզի մսի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայում թանկացման, իսկ ոչխարի մսի թանկացումը` արտահանումների ծավալների կրկնապատկմամբ: Նախարարը վստահություն է հայտնել, որ մսամթերքի թանկացման համար անհանգստանալու կարիք չկա, և շուկան աստիճանաբար կկարգավորվի: Նախարարն անդրադարձ է կատարել նաև պարենային անվտանգության ապահովման, տեղական արտադրությամբ ներմուծման փոխարինման անհրաժեշտությանը: Կարևորելով երկրում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումը, նախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է սուբսիդավորել տեղական արտադրության օրգանական պարարտանյութերը: Շարունակվում են նաև սերմնաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը` Հայաստանում բարձրակարգ սերմերի պաշար ապահովելու և ինքնաբավության մակարդակը բարձրացնելու նպատակով: Անասնապահության ոլորտի հետագա զարգացման նպատակով 2017-2022 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է տավարաբուծությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին տարաժամկետ վճարման պայմանով տրամադրել տեղի վերարտադրության տոհմային երինջներ: Նախարարը նաև նշել է, որ ագրարային ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման նպատակով մշակման փուլում է «Գյուղատնտեսության մասին օրենքը», որը նախաձեռնելիս հաշվի են առնվել ոլորտի առաջնահերթություններն ու առկա խնդիրները: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր