211652_close_icon
views-count2894 դիտում article-date 19:00 19-06-2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատարին. Քննարկվել են հայ-կիպրական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ պատմական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափերով: Նշելով, որ այդ գործում ուրույն ներդրում ունի Կիպրոսի կենսունակ հայ համայնքը՝ Կարեն Կարապետյանը ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարության ու Կիպրոսի հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Վարչապետն անդրադարձել է երկկողմ տնտեսական կապերի աշխուժացման հարցին՝ կարևորելով առկա ներուժի իրացումը, գործարար շփումների խթանման, զբոսաշրջության զարգացման և փոխգործակցության խորացման ուղղությամբ քայլերը: Կառավարության ղեկավարը խոսել է նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման և ԵՄ շրջանակում Հայաստան-Կիպրոս համագործակցության մասին: Ֆոտիու Ֆոտիսի խոսքով՝ հայ-կիպրական հարաբերություններն ավելի քան բարեկամական են, քանի որ դրանց հիմքում ընկած են պատմական, մշակութային և կրոնական ամուր կապերը: Նշելով, որ Կիպրոսի կառավարությունը բազմաթիվ ծրագրերով աջակցում է կիպրահայ ակտիվ համայնքին իր կենսունակությունը պահպանելու գործում՝ նա կարևորել է Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը կխթանի երկու երկրների սփյուռքյան կազմակերպությունների միջև համագործակցությունը: Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարը նշել է նաև, որ Կիպրոսը շահագրգռված է Հայաստան-Եվրամիություն համագործակցության հետագա խորացմամբ և հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Պարոն Ֆոտիսն ասել է, որ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները տնտեսության, առևտրի, զբոսաշրջության և փոխշահավետ այլ ոլորտներում ևս համագործակցությունը զարգացնելու համար:

Նմանատիպ նյութեր