211652_close_icon
views-count3211 դիտում article-date 10:46 21-06-2017

25 տարի գալիս բարեփոխում են, իսկ մարդկանց վիճակը միայն վատթարանում է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ մենք Երևանում քաղաքական և տնտեսական բնույթի դատողություններ ենք անում, պետք է հիշենք, որ մայրաքաղաքից ընդամենը 30-40 կիլոմետր հեռավորության վրա մեր գյուղմթերքների շտեմարանը համարվող Արարատյան դաշտավայրում մարդիկ մեկ դույլը 50 դրամով ջուր են գնում: Դա Սուդանում չի, որտեղ մարդիկ մարդասիրական օգնության կարիք ունեն, դա տեղի է ունենում մեր քթի տակ, իսկ մարդկանց խմելու ու ոռոգման ջուր տալը շատ բարդ և մեծ բյուջե պահանջող խնդիր չէ: Մնացած խնդիրները նույնպես անլուծելի չեն: Մեր գյուղացուն պետք չեն ոչ բարեգործություն, ոչ էլ նույնիսկ ցածր տոկոսադրույքով վարկեր, որովհետև եթե վարկերը նույնիսկ զրո տոկոսով տրվեն, միևնույն է՝ դա որևէ օգուտ չի բերի՝ ներկայիս ենթակառուցվածքներով, ներկայիս շուկայի կառուցվածքով և հատկապես՝ ներկայիս մենաշնորհներով: 1970-ականների տեխնիկայով և նույն ժամանակաշրջանից եկող մարկետինգի մասին «կոլխոզային» պատկերացումներով գյուղմթերք արտադրողները մնալու են «վարկերի տակ», եթե նույնիսկ դրանց տոկոսները ցածր լինեն: Նրանք շարունակելու են աշխատել վնասով՝ չնայած դիզվառելիքի և սերմացուի «գծով» պետական օգնությանը: Գյուղատնտեսությունը կմնա ոչ շահութաբեր, անգամ այն դեպքում, երբ գյուղացիներին հակակարկտային ցանցեր նվիրեն, իսկ նույն գործառույթն իրականացնող կայաններն ամեն օր ամպերը ցրելու համազարկեր արձակեն: Հարցն ավելի արմատական է և սկզբունքային. ցանկանո՞ւմ է արդյոք մեր իշխանությունը, որ մենք ունենանք որևէ մեկի «բարեգործությանը» չսպասող միջին խավ, որի կորիզը Հայաստանում, վստահ եմ, պետք է կազմի իր քրտինքով հաց աշխատող և արժանապատիվ կյանքով ապրող ֆերմերը: Եթե ցանկանում է, ապա գյուղատնտեսության նախարարը չի ասի՝ «թող գյուղատնտեսությամբ չզբաղվեն»: Որովհետև չզբաղվելու այլընտրանքը գյուղացու համար Ռուսաստան խոպան գնալն է: Կա նաև ուրիշ ճանապարհ՝ մեր «լատիֆունդիստների», գյուղատնտեսական օլիգարխների մոտ «բատրակ» աշխատելը, որը գուցեև ապահովի տանելի նյութական վիճակ՝ «ռուսաստաններից» ոչ վատը: Բայց այստեղ ի հայտ է գալիս մեր ազգային առանձնահատկությունը՝ մենք հայրենիքում չենք ցանկանում նման գործ անել, իսկ ահա Հայաստանից դուրս համաձայն ենք շատ ավելի նվաստացուցիչ աշխատանքի: Երբ ցանկացած գյուղական տնտեսություն պետության կողմից դիտվի որպես բիզնեսի միավոր, որը պետք է փայփայել, ինչպես ասում են, ձեռքը բռնել և օգնել ոչ թե դիզվառելիքով կամ սերմնացուով (որն, ի դեպ, հաճախ անորակ է), այլ ենթակառուցվածքներով, մարկետինգի կազմակերպմամբ և, ամենակարևորը՝ մենաշնորհները զսպելով, ահա այս պարագայում հնարավոր կլինի խոսել գյուղատնտեսության բարեփոխումների մասին: Թե չէ 25 տարի գալիս բարեփոխում են, իսկ մարդկանց վիճակը միայն վատթարանում է: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր