211652_close_icon
views-count8510 դիտում article-date 23:10 21-06-2017

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ

Այսօր՝ հունիսի 21-ին, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Հադիա Աբբասի հետ: Հանդիպմանը ներկա էին Սիրիայի խորհրդարանի Սիրիա-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի անդամները՝ նախագահ Նորա Արիսյանի գլխավորությամբ: Ողջունելով դեսպանին՝ Հադիա Աբբասը նշեց, որ բարձր է գնահատում երկու պետությունների միջև քառորդ դար առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները և Սիրիայում ՀՀ դեսպանության մեծ ավանդը երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման գործում: Սիրիայի խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ հայ-սիրիական հարաբերութուններում կարևոր մաս է կազմում խորհրդարանական ձևաչափը ը` այդ համատեքստում ընդգծելով օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի փոխգործակցության կարևորությունը: Դեսպան Փոլադյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ժողովրդական ժողովի նախագահին և պատգամավորներին ջերմ ընդունելության համար: Նա նշեց, որ հայ-սիրիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն և կարող են բնութագրվել որպես եղբայրական: Սիրիայում Հայաստանի դեսպանը հավելեց, որ երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր պատմության ամենաօրհասական շրջանում՝ Հայոց ցեղասպանության տարիներին, և հետագայում բռնագաղթած հայերի նկատմամբ սիրիացի ժողովրդի ցուցաբերած հոգատարությունը: Դեսպանն առանձնահատուկ ընդգծեց նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին և 1990-ականներին տնտեսական և էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով բարեկամ Սիրիայի կողմից տրամադրված օժանդակությունը ՝ հավելելով, որ արդի դժվարին ժամանակաշրջանում Հայաստանն, իր հերթին, փորձում է իր ուժերի ներածին չափով օգնության ձեռք մեկնել սիրիացի ժողովրդին: Դեսպան Փոլադյանը զրուցակիցներին տեղեկացրեց, որ այսօր մեկնարկել է սիրիական «Աջնիհաթ աշ-Շամ» ավիաընկերության Երևան-Դամասկոս կանոնավոր ուղիղ չվերթը, ինչը զգալիորեն կդյուրացնի երկու երկրների միջև հաղորդակցությունը և լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Նմանատիպ նյութեր