211652_close_icon
views-count903 դիտում article-date 16:59 22-06-2017

Ավարտվել է Սարի թաղում լրագրողների աշխատանքը խոչընդոտած ևս մեկ անձի վերաբերյալ քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Սարգիս Սահակյանը խոչընդոտել է «1in.am» էլեկտրոնային լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանի մասնագիտական օրինական գործունեությանը և կոտրել վերջինիս տեսախցիկը: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Սարգիս Սահակյանը, 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում գտնվելով Երևան քաղաքի Սարի թաղի Գլինկայի փողոցում, նկատել է, որ իրեն տեսանկարահանում է լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող «1in.am» լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանը: Այդ պատճառով մոտեցել և վերջինիս ձեռքից խլել է «Sony» ապրանքանիշի` «HXR-NX3» մոդելի թվային տեսախցիկն իր մոնոպոդ սարքով (շտատիվ): Սարգիս Սահակյանը գետնին հարվածելով կոտրել է «1in.am»-ին պատկանող 920.000 ՀՀ դրամ արժողությամբ տեսախցիկն ու 152.000 ՀՀ դրամ արժողությամբ մոնոպոդ սարքը` հիշյալ կայքին պատճառելով 1.072.000 ՀՀ դրամի խոշոր չափի գույքային վնաս: Վերը նշված հանցավոր արարքների` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրա գույքը դիտավորությամբ վնասելու և այդ կերպ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար Ս. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մեղադրյալ Սարգիս Սահակյանի վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր