211652_close_icon
views-count4897 դիտում article-date 20:36 28-06-2017

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի է ունեցել հայ-իրանական հանդիպում-քննարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հայ-իրանական հանդիպում-քննարկում: Միջոցառումը կազմակերպել էր ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (Կլոր սեղան)` Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար: Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը ողջունեց ներկաներին և ընդգծեց երկու հարևան երկրների միջև բնապահպանական թեմաներով միջկրոնական այդ հանդիպման կարևորությունը: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ քննարկմանը մասնակցում են նաև ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը և Հայաստանում հայտնի բնապահպանական ՀԿ-ները: Նազարյանը հույս հայտնեց, որ միջկրոնական հանդիպումները կդառնան ավանդական և այսուհետև կվերաբերեն նաև այլ հրատապ թեմաների: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ողջույնի խոսքում ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքն ու բարեմաղթանքները և երախտագիտություն հայտնեց հայ-իրանական հանդիպում-քննարկման կազմակերպիչներին: Սրբազան Հայրը կարևորեց նման քննարկումները, որոնք նպատակ են հետապնդում նպաստել տարածաշրջանում բնապահպանության մշակույթի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների արծարծմանը: Նաթան արքեպիսկոպոսը մտահոգությամբ նշեց, որ մարդկանց կողմից բնության չարաշահումն ու շահագործումը և դրանից բխող հետևանքները սահմաններ չեն ճանաչում, ինչն անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում, այդ թվում նաև` Հայաստանում: Սրբազան Հայրը մասնավորաբար ընդգծեց ու հաստատեց այն իրողությունը, որ բոլոր կրոնները պարտավորեցնում են իրենց հետևորդներին պահպանել բնությունը՝ իբրև Աստծո արարչագործություն: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին հանդիպումը նկատեց հայ-իրանական միջկրոնական երկխոսության կարևոր քայլ: Նա հատուկ շեշտեց, որ տարբեր կրոններ դավանող Հայաստանն ու Իրանն ամբողջ աշխարհին կարող են ծառայել՝ որպես երկխոսության և համագործակցության օրինակ: Օրվա թեմայի շուրջ ելույթներ ունեցան Երևանի պետական համալսարանի Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ Նելլի Հովհաննիսյանը՝ «Մարդու և բնության փոխազդեցությունը և փոխընկալումը ժամանակի մեջ» թեմայով և Թեհրանի Գիտության և մշակույթի համալսարանի ռեկտոր, մշակույթի գերագույն խորհրդի «Մշակույթ, արվեստ և ճարտարապետություն» հանձնաժողովի քարտուղար դոկտոր Մոհամմադհոսեյն Իմանի Խոշխուն՝ «Կրոնական զբոսաշրջություն, մարդ և բնություն» բանախոսությամբ: Հանդիպման երկրորդ մասում զեկույցներով հանդես եկան Իրանի կրոնագետների գերագույն խորհրդի քարտուղար և Շիագիտության համաշխարհային կոնգրեսի նախագահ, դոկտոր Այաթ Փեյմանը՝ «Զբոսաշրջություն, բարոյականություն, խաղաղություն և բարեկամություն» թեմայով և Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ «Արարչագործության հետ ներդաշնակ» վերտառությամբ ելույթով: [b]Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ [/b] ### Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ-ին: Կլոր սեղան հիմնադրամը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն նպաստում է աղքատության վերացմանը, կայուն համայնքների զարգացմանը, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա, կարողությունների զարգացում, տարածաշրջանային խաղաղություն և հաշտեցում, արտակարգ իրավիճակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր