211652_close_icon
views-count7676 դիտում article-date 21:12 28-06-2017

«Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա: Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Հայ-չեխական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում պարոն Շարմազանովն առանձնակի արժեւորել է տիկին Հորսկայի դերը: Պատվիրակության անդամները, գոհունակություն հայտնելով միջխորհրդարանական հարաբերությունների առկա բարձր մակարդակի կապակցությամբ, կարեւորել են պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում: Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների փոխշահավետ եւ համագործակցված աշխատանքի անհրաժեշտությանը: Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները՝ նշելով, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով: Նա ընդգծել է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցումով բարձրացել է ՀՀ Ազգային ժողովի դերակատարությունը, ընդլայնվել են լիազորությունները: Այս համատեքստում պարոն Շարմազանովն անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության դերին եւ հավելել, որ այսուհետ երկկողմ հարաբերությունները պետք է առավել ակտիվացնել ու սերտացնել: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ հիմնված 3 հայտնի սկզբունքների վրա: «90-ականների սկզբին Չեխիայի եւ Սլովակիայի քաղաքակիրթ բաժանումը եւ երկու անկախ պետությունների հռչակումը կարող էր լավ նախադեպ հանդիսանալ նաեւ ԽՍՀՄ նախկին սուբյեկտների համար, սակայն Ադրբեջանը, դրա փոխարեն մերժելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պատերազմ պարտադրեց Արցախի ազատատենչ ժողովրդին»,- ասել է պարոն Շարմազանովը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի անկախությունը: «Արցախի անկախությանն այլընտրանք չկա»,-ընդգծել է նա: Հիշեցնենք, որ խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը:

Նմանատիպ նյութեր