Էրդողանը խնդրել է Գերմանիային տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման թույլտվության տալ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ իրենք պաշտոնական դիմում են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Թուրքիայի նախագահը դիմել է, որ Գերմանիայի թուրքական համայնքի հետ հանդիպում անցկացնելու թույլտվություն տան։ Այդ մասին գրում է Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը:
Գերմանական կողմի հստակ դիրքորոշումն ու պատասխանն առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։