211652_close_icon
views-count3919 դիտում article-date 14:48 03-07-2017

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Նախագծերն ուղղված են բացառելու այն անընդունելի իրավակիրառ պրակտիկան, երբ քրեական գործի քննության ընթացքում առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունվում ընտանիքի անդամների հետ կալանավորված անձի տեսակցությունն արգելելու մասին: Ինքնին քրեական գործի քննության փաստը չի կարող հանդիսանալ ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքի սահմանափակման հիմք: Նման հաղորդակցման ցանկացած սահմանափակում պետք է ունենա հատուկ և անհատականացված հիմնավորում: Մասնավորապես, օրենսդրական նախագծերով առաջարկվում է. 1. տեսակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակից առանձնացնել կալանավորված անձի ընտանիքի անդամներին կամ մերձավոր ազգականներին ու նրանց հետ տեսակցելու իրավունքը սահմանափակելու հնարավորության համար նախատեսել հստակ հիմքեր և ընթացակարգ, 2. այդպիսի սահմանափակում կարող է կիրառվել միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ: Այն կարող է կիրառվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության հետ միաժամանակ կամ առանձին` բացառիկ դեպքերում, երբ առկա են դրա համար օրենքով նախատեսված հիմքերը, 3. այս իրավունքը սահմանափակող որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Դրանք նաև պետք է անմիջապես հանձնվեն կալանավորվածին ու նրա փաստաբանին, որպեսզի լիարժեք ապահովվի բողոքարկման իրավական հնարավորությունը, 4. ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքը սահմանափակող որոշումը պետք է դառնա պարբերական վերանայման առարկա՝ անկախ կալանավորված անձի ցանկությունից կամ վերաբերմունքից, 5. գործը դատական քննության նշանակելու որոշման մեջ նույնպես պետք է հատուկ անդրադարձ կատարվի հիշյալ որոշմանը: Արգելքի պահպանման դեպքում դատարանը պետք է հիմնավորի դրա պահպանման անհրաժեշտությունը: Վերոնշյալ նախագծերը ներկայացվել են համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքին: [b] ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր