Ամփոփվել են Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության 2 տարիների արդյունքները
Հուլիսի 6-ին Երևանում «Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» կլոր սեղանի շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությամբ պայմանավորված դրական և բացասական կողմերը, ինտեգրման շրջանակներում հեռանկարները և հնարավորությունները, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների զարգացման միտումները:
«Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիների արդյունքները դժվար է բնութագրել, որպես միանշանակ հաջողություն, սակայն կարելի է վստահությամբ հայտարարել տնտեսական ինտեգրման և բարգավաճման ճանապարհին առաջին քայլերի մասին»,- նշեց Վաչե Գաբրիելյանը` ողջունելով միջոցառման մասնակիցներին:
Կլոր սեղանի ընթացքում կատարված հիմնական եզրակացությունները, հանձնարարականները և առաջարկությունները նախատեսվում են օգտագործել «Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» զեկույցի նախապատրաստման ընթացքում, որը ներկայացվելու է տարեվերջին` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:
Կլոր սեղանին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը, ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներ, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Չեխիայի Հանրապետության դեսպանությունների, բիզնեսի և գիտական համայնքի ներկայացուցիչներ: