211652_close_icon
views-count9543 դիտում article-date 19:55 13-07-2017

Նալբանդյան–Մամեդյարով հանդիպմանը կհաջորդեն ավելի բարձր մակարդակով հանդիպումներ. Շարպանտիե

Հուլիսի 14-ը Բաստիլի գրավման օրն է՝ Ֆրանիայի ազգային տոնը: Այս առիթով այսօր ասուլիս էր հրավիրել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Դեսպանն անդրադարձավ նաև Արցախի խնդրին, ընդգծելով, որ Արցախյան խնդրի կարգավորումը ռազմական լուծում չունի, արդյունքին պետք է հասնել բանակցությունների միջոցով: Իսկ բանակցելու համար անհրաժեշտ են կանոնավոր հանդիպումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի եզրահանգումների գալ: «Արտգործանախարարների հանդիպմանը պետք է հաջորդեն այլ հանդիպումներ, ավելի բարձր մակարդակով: Մենք կողմնակից ենք երկու երկրների միջև ուղղակի երկխոսությանը, և հնարավորինս կանոնավոր երկխոսությանը: Այս տեսանկյունից մենք կարող ենք միայն ու միայն մեր գոհունակությունը հայտնել առ այն, որ արտգործնախարարների միջև այս հանդիպումը տեղի ունեցավ»,- ասաց դեսպանը: Շարպանտիեի դրական տպավորություն է ստացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից, քանի որ այն միտված է հետագա հանդիպումներ կազմակերպելուն: Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Նյու Յորքում սեպտեմբերին, ինչպես նաև նախապատրաստել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն աշնան վերջին:

Նմանատիպ նյութեր