211652_close_icon
views-count13939 դիտում article-date 11:50 14-07-2017

Թեքեյան կենտրոնում կայացել է լուսանկարչի օրվան նվիրված «Լուսանկարչի օրագրից» խորագրով ցուցահանդեսի բացումը

Հուլիսի 12-ին Թեքեյան կենտրոնում Հայ լուսանկարիչների ազգային ասոցացիայի, Photopodium.com ինտերնետային ռեսուրսի եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ կայացավ լուսանկարչի օրվան նվիրված «Լուսանկարչի օրագրից» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին հայաստանցի 27 լուսանկարիչների լավագույն 52 աշխատանքները, որոնք բազմազան էին ու բազմաբնույթ. ցուցահանդեսը հետաքրքրական էր նրանով, որ չուներ թեմատիկա եւ ոճային սահմանափակումներ: Հեղինակներին մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեցին եւ ողջույնի խոսք ասացին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, Photopodium.com-ի հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Ենգոյանը, Ֆոտոսիրողների ակումբի հիմնադիրներ Էդգար Մարտիրոսյանը եւ Կարեն Ներսիսյանը: Նրանք հույս հայտնեցին, որ իրենց համագործակցությունը կլինի շարունակական եւ կյանքի կկոչի մշակութային արժեք ունեցող այլ ձեռնարկներ: Հայ լուսանկարիչների ազգային ասոցացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը, խորին շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին ցուցահանդեսն իրականություն դարձնելու համար, հավելեց. «Լուսանկարելու համար պարտադիր չէ ունենալ լավ խցիկ կամ տիրապետել լուսանկարչության բոլոր հնարքներին. կարեւորը կարողանալ տեսնել այն, ինչ կատարվում է շուրջդ: Լուսանկարիչ լինելու համար պետք է պարզապես սիրել մարդկանց հետ շփվելու լեզվի այս տեսակը...» Ջերմ ու դրական մթնոլորտով հագեցած երեկոն եզրափակվեց շնորհակալագրերի հանձնումով բոլոր հեղինակներին: Նշենք, որ ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում կգործի մինչեւ ս.թ. հուլիսի 26-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր