ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը քննարկում է արտասահմանցի ուսանողների փաստաթղթերն ամեն տարի վերաձևակերպելու մասին առաջարկը
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը քննարկում է առաջարկ, որի համաձայն ավելի քան 1,4 մլն արտասահմանցի ուսանողները ստիպված կլինեն ամեն տարի նորից ձևակերպել ԱՄՆ–ում կեցությունը։ Այդ մասին հայտնում է The Washington Post–ը։
Առաջարկը ազգային անվտանգության ուժեղացման ծրագրի մի մասն է:
Ծրագիրը փոփոխություններ է պահանջում օրենսդրության մեջ, որի համար առնվազն 1,5 տարի կպահանջվի։ Անհրաժեշտ է նաև Պետքարտուղարության աջակցությունը։ Վիզաների տրամադրմամբ զբաղվում է Պետքարտուղարությունը, իսկ Ներքին անվտանգության նախարարությունը իրականացնում է երկիր մուտք գործող քաղաքացիներին հետևելը։
Նախարարությունում անհանգստություն են հայտնել այն կապակցությամբ, որ ուսանողների վիզաները չափազանց երկարաժամկետ են։ Ամեն տարի ԱՄՆ–ում սովորում է միլիոնից ավելի արտասահմանցի ուսանող, որոնք միլիարդավոր դոլարներ են բերում երկրի տնտեսությանը։ Ուսանողների մոտ 77 տոկոսը գալիս է Ասիայի երկրներից, առաջին հերթին Չինաստանից և Հնդկաստանից։