211652_close_icon
views-count8838 դիտում article-date 19:39 14-07-2017

Կրթված երիտասարդներն այն շերտն են, որի ներուժը Հայաստանում լիարժեքորեն չի օգտագործվում. Պյոտր Սվիտալսկի

Այսօր տեղի ունեցավ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ամենախոշոր ծրագրերից մեկի՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրների շարքում քաղաքացիական հասարակությունը Հայաստանի այցեքարտն է և հպարտության առարկան: այս մասին այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բացման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Սվիտալսկին տեղեկացրեց, որ ԵՄ-ն 2 մլն եվրո է տրամադրել այս ծրագրին. «Մենք ուրախ ենք, որ այս գումարը կօգտագործվի, որպեսզի զարկ տանք քաղաքացիական կազմակերպությունների ներուժին»։ ԵՄ դեսպանը նշեց, որ սա կառուցողական երկխոսության շրջանակում արդեն երրորդ ծրագիրն է: Դեսպանն ընդգծեց՝ քաղհասարակության ներսում երկխոսությունը ևս բարդ է, որովհետև, ՀԿ-ները երբեմն մրցում են միմյանց հետ: «Երբ ԵՄ-ն հայտահավաք է հայտարարում ֆինանսավորման համար, ոմանք դժգոհ են լինում արդյունքներից, խնդիրներ են առաջանում, բայց մենք, ամեն դեպքում, հույս ունենք, որ այս ծրագրի ներքո կկայանան դաշինքներ, մեզ կհաջողվի նոր կամուրջ կառուցել հասարակական կազմակերպությունների միջև։ ԵՄ-ն հանձնառու է աջակցություն ցուցաբերել քաղհասարակության կազմակերպություններին։ Երկխոսությունն այս ծրագրի կենտրոնում է և կարևոր է: Երկխոսությունը հեշտ բան չէ, երբեմն զգայական կարող է դառնալ, սակայն առանց դրա ոչնչի չես կարող հասնել: Որոշ նոր գաղափարներ են շրջանառության մեջ դրվել կառավարությունում, թե ինչպես քաղհասարակության հետ զարգացնել երկխոսությունը»,- ասաց Սվիտալսկին: Թվարկելով առաջնահերթությունները, ԵՄ դեսպանն առաջինը համարեց փոքր ՀԿ-ները, երկրորդը՝ մարզերը, և նշեց, որ ցանկանում են հասնել քաղաքացիական ակտիվությանը նաև մարզերում: Որպես երրորդ գաղափար նա նշեց սոցիալական ձեռնարկատիրությունը։ Նա ընդգծեց, որ ուշադրություն է դարձվելու երիտասարդներին, կանանց և փոքրամասնություններին: «Հայաստանը կրթված երիտասարդների ներուժով շատ բան կշահի, եթե ավելի ներդրումներ կատարի երիտասարդների շրջանում: Կարելի է ասել՝ երիտասարդներն այն շերտն են, որի ներուժը դեռ լիարժեքորեն չի օգտագործվել»,- ասաց նա: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հ/կ-ի կողմից, գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» հ/կ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հ/կ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հ/կ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հ/կ-ի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է՝ մեծացնել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացնելու համար: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են:

Նմանատիպ նյութեր