211652_close_icon
views-count8038 դիտում article-date 22:53 15-07-2017

Բաքվում դատում են բլոգեր Լապշինին. դատախազը 6.5 տարի է պահանջել

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի հերթական նիստին պետական մեղադրող Նասիր Բայրամովը բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար վեցուկես տարվա ազատազրկում է պահանջել ընդհանուր ռեժիմի գաղութում: Լապշինը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղ ապօրինի այցելության և Ադրբեջանի պետականության դեմ կոչերի համար: Այդ հոդվածներով Քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն ժամկետն 8 տարի է: Դատախազը հավելել է, որ պատիժը կրելուց հետո Լապշինը պետք է վտարվի Ադրբեջանից: Մեղադրյալի փաստաբան Էդուարդ Չեռնինը դատարանի նախորդ նիստին հայտարարել է, որ իր վստահորդի մեղքն ապացուցված չէ: Նա միջնորդություն է ներկայացրել ապացույցների ցանկից բացառել մեղադրող կողմի բոլոր 10 վկաների ցուցմունքները: «Որպես վկա հանդես եկող անձը պետք է ուղղակիորեն կամ կողմնակի կերպով վկա լինի հստակ քրեական գործողության: Սակայն վկաները Լապշինի որևէ գործողության ականատես չեն եղել: Նրանք ասել են, որ նրա գործողությունների մասին իմացել են համացանցից և ԶԼՄ-ներից: Վկաները բռնի տեղահանվածներ են Շուշիի շրջանից, նրանք խոսում էին այն տառապանքների մասին, որոնք նրանց հասցվել են ղարաբաղյան պատերազմի արդյունքում: Սակայն պատերազմը տեղի է ունեցել մեր ժամանակներում, և մենք բոլորս կարող ենք վկա լինել: Այդ պատճառով էլ, հաշվի առնելով այն, որ վկաների ցուցմունքները չեն վերաբերում Լապշինին առաջադրված մեղադրանքների էությանը, խնդրում եմ դրանք հանել ապացույցների ցանկից», – փաստաբանի խոսքերն է մեջբերում «Կավկազսկի ուզելը»: Դատախազի մեղադրական խոսքից հետո փաստաբան Չեռնինը դատարանին խնդրել է իրեն ժամանակ տրամադրել ելույթի համար: Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 19-ին: [url=https://jam-news.net/?p=49172&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր