211652_close_icon
views-count10091 դիտում article-date 09:57 26-07-2017

Իրանցի երգչուհի Գուգուշի Երևանում նախատեսված համերգը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանական ծագում ունեցող Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկը՝ Գուգուշը (քաղաքացիական անունը Ֆաիեգ Աթեշին) Instagram–ի իր էջում գրառում է կատարել օգոստոսի 31–ին Երևանում կայանալիք համերգի մասին: Երգչուհին իր այդ գրառումը վերնագրել և առանձնացրել է՝ «վերջապես» (#finally) և «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով: Տեղեկացնենք, որ հայտնի երգչուհու այցը Հայաստան մի քանի առումով է հետաքրքիր: Նախ, որ այն հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում: 2011–ին, երբ Բաքվում փորձել են կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվել է Ադրբեջան մեկնել առանց իր հայ ընկերոջ, որի պատճառով էլ համերգը չեղյալ է հայտարարվել: Այսինքն, իրանցի արտիստը ազգությամբ հայ զուգընկեր ունենալու պատճառով արդեն իսկ հասցրել է ադրբեջանական սև ցուցակում գրանցվել, ինչը նշանակում է, որ այլևս չի կարող այդ երկիր մեկնել: Բայց սա, կարծես թե, այնքան է ազդել ադրբեջանական կողմի վրա և հիմա էլ սեփականատիրական զգացումից ելնելով մտածում են, որ հայտնի երգչուհին այնուամենայնիվ իրենցն է և չի կարող Հայաստանում համերգ տալ: Հավելենք նաև, որ Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ հաստատվեցին կրոնական կարգեր, Գուգուշին արգելեցին ոչ միայն երգել, այլև՝ երկրից դուրս գալ: Երկար տարիներ այդ պայմաններում ապրելուց հետո, 2000 թվականին նրան վերջապես հաջողվեց մեկնել ԱՄՆ և հաստատվել այնտեղ: Եվ չնայած Իրանում ապրող քաղաքացիների գրեթե երկու սերունդ չի տեսել նրան, սակայն ավագ սերնդի կողմից Գուգուշի հանդեպ ունեցած մեծ սերն ու համակրանքը հանգեցրել է նրան, որ բոլոր սերունդներն անգիր երգում են նրա երգերը: Իսկ անցյալ դարի 70–ականներին Գուգուշը հայտնի դարձավ պարսիկ ռեժիսոր Փարվիզ Սայադի «Երկար գիշեր» ֆիլմից հետո, որը ցուցադրվեց նաև Հայաստանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր