211652_close_icon
views-count5882 դիտում article-date 15:31 31-07-2017

Տիգրան Հայրապետյանը դիմել է նախագահին՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու խնդրանքով

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և խնդրել ուշադրության արժանացնել Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կատարած իրավական խախտումներին և դադարեցնել նրա լիազորությունները: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբանը: Նա հորդորել է նախագահին թույլ չտալ, որպեսզի Տ. Գրիգորյանը խախտի մարդու իրավունքները: «Տպավորված եմ Ազգային ժողովի 6-րդ գումարման ժամանակ արդարադատության իրականացման վերաբերյալ Ձեր ելույթից: Որպես արդարադատության իրականացման հետ գործնականում ամեն օր շփվող անձ, ես ավելի քան լավ եմ հասկանում Ձեր կոչը, որ յուրաքանչյուր մարդ արդարությունը պետք է պաշտպանի առնվազն այնպես, ինչպես մեր զինվորն է այսօր մեր սահմանը պաշտպանում։ Մեծարգո Նախագահ. Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը արդարադատություն իրականացնելիս չի դրսևորում մարդկային և բարոյական բարձր հատկանիշներ: Նա հենց դատական նիստում կշտամբում է դատավարական մասնակիցներին, անհարգալի արտահայտություններով վիրավորում իրենից տարիքով մեծ անձանց: Միևնույն իրավիճակում Տաթևիկ Գրիգորյանը տարբեր վարքագիծ է դրսևորում և տարբեր որոշումներ կայացնում: Նիստերի ժամանակ դատավորը չի դրսևորում համեստություն, հանդուրժողականություն, զսպվածություն, ողջախոհություն: Ավելին, նա նիստերը այնպես է վարում, կարծես ինքը ինչ-որ հիմնարկի ղեկավար է և հրամաններ է տալիս իր ենթականերին: Ընդհամենը 6 օր ընթացած դատական նիստերի ընթացքում Տաթևիկ Գրիգորյանը հարյուրավոր անգամներ խախտել է օրենքը, ոտնահարել քրեական դատավարության գրեթե բոլոր հիմնարար սկզբունքները, խախտել դատավարության մասնակիցների իրավունքները և գրեթե զրոյացրել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ»,-ասված է դիմումում:

Նմանատիպ նյութեր