Արքայադուստր Դիանայի մահը, ամենայն հավանականությամբ, ծրագրված է եղել. The Sun
Արքայադուստր Դիանայի մահվան հետ կապված նոր վարկածներ են շրջանառվում։ Ինչպես գրում է The Sun պարբերականը, արքայադստեր մահը կարող էր ոչ թե ողբերգական պատահարի հետևանք լինել, այլ ծրագրված, որի համար պահանջվել է կես տարի։
Թերթը վկայակոչում է անվտանգության ոլորտի մասնագետ Ալան Մաքգրեգորին։ Վերջինս, համագործակցելով Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների հետ, հայտնել է, որ Ritz հյուրանոցը, որտեղ մինչև իր մահը իր սիրեկանի՝ Դոդի ալ-Ֆայադի հետ ապրել էր Դիանան, բարձր մակարդակի անվտանգությամբ չէր ապահովված։
«Դիանան հաճախ էր ասում, որ վախենում է իր կյանքի համար և ոչ ոք նույնիսկ չէր հարցնում, թե ինչու։ Ես ինքս այդ հյուրանոցում շատ տարօրինակ իրեր էի տեսել՝ սփռված ամենուր, իսկ նրան վստահել էին հյուրանոցում աշխատող վարորդներից մեկին, ինչն անթույլատրելի էր»,-նշել է մասնագետը։
Հիշեցնենք, որ արքայադուստրը զոհվել է ավտովթարից՝ Փարիզում, 1997 թվականի օգոստոսի 31-ին, երբ մեքենան անցնում էր Փարիզի Ալմա կամրջի տակ գտնվող թունելով։ Ավտոմեքենան փորձել էր ազատվել հետևող լուսանկարիչներից, սակայն հարվածել էր թունելի պատին։ Զոհվել էին Դիանան, նրա սիրեկան Դոդին և վարորդ Անրի Պոլը։ Ողջ էր մնացել միայն թիկնապահը՝ Տրեվոր Ռիս-Ջոնսը։