211652_close_icon
views-count3194 դիտում article-date 22:07 14-08-2017

Կգույքագրվեն քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտող ճանապարհային նշանները և ավտոկայանատեղերի ցուցանակները

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 23 արձանագրություն: Միաժամանակ նշվել է, որ շարունակվում են գծանշման և լուսացույցերի փոխարինման աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նաև գույքագրել մայրաքաղաքի փողոցների մայթերին տեղադրված և քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտող վահանակները, ճանապարհային նշաններն ու վճարովի ավտոկայանատեղիների ցուցանակները և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանք այլ վայրեր տեղափոխելու նպատակով: Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով նախորդ շաբաթ, այդ թվում հանգստյան օրերին վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 28 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը, նաև խստորեն վերահսկելով, որ մայրաքաղաքի փողոցներում արգելվի ձմերուկի և սեխի բացօթյա ապօրինի վաճառքը: Ոչ սահմանված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ իրավախախտների նկատմամբ 22 վարչական արձանագրություն է կազմվել: Ոչ բավարար գնահատելով կատարվող աշխատանքները՝ քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել դրանք և վերոնշյալ դեպքերը բացառելու նպատակով խստացնել հսկողությունը մասնավորապես խանութների, սրճարանների, հանրային սննդի օբյեկտների նկատմամբ: Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, նախորդ շաբաթ մայրաքաղաքի այգիներում և բակային տարածքների խաղահրապարակներում տեղադրված կարուսելների տեխնիկական վիճակի մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել. արգելվել է 2 կարուսելների շահագործումը: Բակային տարածքներում առկա խաղային կոնստրուկցիաների ուսումնասիրման մասով էլ զեկուցվել է, որ հաշվառվել և նորոգվել է 19 խաղային կոնստրուկցիա: Այս մասով նույնպես հանձնարարվել է շարունակական խստացված հսկողություն իրականացնել:

Նմանատիպ նյութեր