211652_close_icon
views-count3874 դիտում article-date 15:57 15-08-2017

Հայաստան Համահայկական Հիմնադրամը գրենական պիտույքներ նվիրեց Հարժիսի բոլոր երեխաներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

830 բնակիչ ունեցող Սյունիքի մարզի Հարժիս գյուղի անվանումը դեռևս հստակ ստուգաբանության ենթարկված չէ։ Հարժիսի միակ դպրոցի տնօրեն Նորայր Եսայանը փոխանցում է մեզ իր պապերից լսած լեգենդը, այն է, թե «Հարժիս» անվանումը «արժեք» բառի փոփոխված ձևն է։ Իսկ «արժեքավոր» է համարվել այս տարածքը երկու պատճառով․ նախ՝ 10-րդ դարից այստեղ գործել է գաղտնուղի դեպի Տաթևի վանք, երկրորդ՝ տարածքում եղել են արծաթի պաշարներ։ Արժեքավոր գյուղ արժեքավոր նվերներով օգոստոսի 10-ին այցելել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Ուստարվան ընդառաջ հարժիսցի բոլոր 82 երեխաները գրենական պիտույքներ նվեր ստացան։ Երեխաները մեծ ոգևորությամբ բացում էին նվեր ստացած դպրոցական ուսապարկերը, որտեղ գտնում էին դպրոցի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ գրչատուփեր, հաշվիչներ, ջրաներկեր, պլաստիլին, ալբոմներ, տետրեր, գրիչներ և այլն։ Հարժիսի դպրոցը գործում է 1960-ականներից, այդ օրերից այն չի վերանորոգվել։ Գյուղացիները բավականին ծանր սոցիալական պայմաններում են ապրում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ արդեն տասը տարի է Հայաստանի տարբեր մարզերի գյուղերին նվիրաբերում է գրենական պիտույքներ՝ ընտրելով սահմանամերձ կամ սոցիալապես անապահով գյուղերը։ Այս տարի ծրագրում ընդգրկվել էին Սյունիքի մարզի Հարժիս և Իշխանասար գյուղերը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր