211652_close_icon
views-count12298 դիտում article-date 19:36 15-08-2017

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հադրութի վերածննդի օրվա կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հադրութի վերածննդի օրվա կապակցությամբ: 1992-ի այս օրը Հադրութի համար ճակատագրական էր. ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Հադրութի ուղղությամբ: Ժամանակները ծանր էին, ունեցանք բազում զոհեր, սակայն Հադրութը չծնկեց թշնամու առաջ. հակառակորդին տալով արժանի հարված` հայ քաջորդիները կարողացան Արցախի հարավային դարպասը պահել անառիկ: Օգոստոսի 15-ը հռչակվեց Հադրութի վերածննդի օր: Ռազմական գործողություններին զուգահեռ` 1992թ-ի օգոստոսին ձևավորվեց նաև 1-ին պաշտպանական շրջանը, եւ ուրեմն օգոստոսի 15-ը հադրութցիների համար, երկրապահ հայ ժողովրդի համար կրկնակի տոնական է: Հադրութն ինձ համար հատկապես հոգեհարազատ տարածք է, քանի որ, զինվորագրվելով Արցախյան ազատամարտին, դեռ 1988-ից , էջմիածնեցի կամավորականների հետ տեղակայվել ենք Հադրութի Էդիլվա ձորակում, Արցախի տարածքի առաջին գյուղը, որ ազատագրել ենք, եղել է Հադրութի Հողերը: Հադրութցին վստահել եւ գնահատել գիտե. այդ պատճառով էլ դեռ ընթացող պատերազմի ժամանակ այս ժողովուրդն ինձ ընտրեց Արցախի ԱԺ պատգամավոր Հադրութի տարածքից՝ Էդիլվա ձորակից: Ես խոնարհվում եմ հերոսներ ծնած հադրութցի հերոս մայրերի առաջ: Խորին հարգանք եմ արտահայտում բոլոր այն հադրութցի քաջերի նկատմամբ, ովքեր արիաբար մարտնչեցին թուրք ազերու պարտադրած պատերազմում, ովքեր կյանքը տվեցին, առողջությունը տվեցին այս ազատամարտում: Կարող եմ հարյուրավոր հերոս հադրութցիների անուններ հիշատակել: Երկրապահների մաքառումների գնով պաշտպանված Հադրութի հողում դեռ ընթացող պատերազմի ժամանակ նաեւ խաչքարեր էինք կանգնեցնում։ Հայոց Մեծ եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին նվիրված երկրապահական խաչքար էլ ենք կանգնեցրել: Արցախի բոլոր տարածքներում Երկրապահը Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներն է կանգնեցրել, որպեսզի թուրք ազերին հասկանա, որ հայ մշակույթը, հայ քաղաքակրթությունը, հայի հավատքն անմահ են: Հայի անկոտրուն կամքի, աշխարհասփյուռ հայ ազգի, արցախցու, հադրութցու հայրենասիրության, հող հայրենին պաշտպանելու վճռականության հերթական ապացույցն արյունարբու թուրք ազերին տեսավ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին, երբ հանկարծակի լայնամասշտաբ հարձակման ժամանակ հուժկու հակահարված ստացավ: Փա´ռք բոլոր ժամանակների հայ նահատակներին: Փա´ռք երկրապահ հայ ժողովրդին: Փա´ռք հերոսներ ծնող հայ հերոսական մայրերին: Փա´ռք Արցախի հերոսական ժողովրդին, փա´ռք Հադրութի սահմանապահ բնակչությանը: [b]ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան [/b]

Նմանատիպ նյութեր