Թեղուտ և Շնող գյուղերը երկար կյանք չեն ունենա.Հակոբ Սանասարյան
Թեղուտի հանքավայրի պոչամբարի հետևանքով Շնող գյուղի բնակիչների համար առաջացել են լուրջ խնդիրներ, գետի ջուրը և օդը աղտոտված են, այգիներն՝ անպտուղ: «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր ասուլիսում կարծիք հայտնեց, թե եթե հանքի շահագործումը նման ձևով շարունակվի, Թեղուտ և Շնող գյուղերը երկար կյանք չեն կարող ունենալ:
Բնապահպանը հիշեցրեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծի ներկայացման ժամանակ շահագործող ընկերությունը հայտարարում էր հանքավայրի շահագործմամբ շրջակա միջավայրին վնաս չի հասցնելու:
«Նրանք ասում էին՝ պոչամբար ենք կառուցելու, որի ներքին նիշում կլինի պոչամբարի ծավալից ավելի շատ պոչանք տեղավորող մեկ այլ կառույց, և հատակը մեկուսացվելու է պոլիէթիլենային հաստ շերտով: Ես այսպիսի ստախոսություն չէի սպասում, պատկերը լրիվ հակառակն է: Ամբողջ տարածքում ծառերը հատել են, իսկ պոչանքը գալիս լցվում է կտրած անտառի և բուսականության վրա, զրո մեկուսացում է արված»,- հայտնեց նա:
Հակոբ Սանասարյանի խոսքով՝ գյուղացիները տեսանկարահանել են, թե ինչպես է պոչանքը լցվում Շնող գետը, որտեղ բազմազան կենդանական աշխարհ էր. «8 ձկնատեսակ կար այդ գետում, հիմա այդտեղ ընդհանրապես կենդանական աշխարհը մեռած է»,- ահազանգեց բնապահպանը:
«Հայաստանի կանաչների միության» նախագահը նաև տեղեկացրեց, որ Թեղուտի հանքը շահագործող ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրությունը, որին դեմ են գյուղացիները: