11402 դիտում
20:34 23-08-2017
Նոյեմբերին Երևանում էներգախնայողությանը նվիրված բարձր մակարդակի համաժողով է կազմակերպվելու
Օգոստոսի 23-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպում է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:
Հանդիպման գլխավոր թեման էներգետիկայի ոլորտում Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցությունն էր: Այս մասին հայտնում են ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից:
Նախարարը բարձր է գնահատել Եվրոպական միության աջակցությունը էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերի առումով:
Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է նաև, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային բազմաթիվ ծրագրերով:
«Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի կառավարության ծրագիրը. հեռանկարային է, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ունի հստակ տեսլական և դա հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցությունն այս ոլորտում»,- ասել է Պյոտր Սվիտալսկին։
Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստեղծում են համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի և Եվրոպական ներդրումային բանկին կներկայացնի այն ծրագրերը, որոնք բանկը պատրաստ կլինի ֆինանսավորել։ Մասնավորապես ներկայացված են «Շնող» ՀԷԿ-ի, Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական օժանդակության համար և վստահեցրել, որ հետևողական է ԵՄ տարբեր կառույցների հետ ձեռք բերվող պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:
Զրուցակցները մտքեր են փոխանակել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման, Էներգետիկ համայնքի հետ համագործակցության և Հայաստանում «կանաչ» էներգիայի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև կարևորել 2017 թվականի նոյեմբերին Երևանում էներգախնայողությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի անցկացումը:
Նմանատիպ նյութեր
6692 դիտում
18:20 20-01-2017
Արևային էլեկտրակայանների կառուցման նպատակով գալիք շաբաթ ներդրումային համաժողով է կազմակերպվելու
3397 դիտում
16:48 02-07-2019
«Գառնի» արգելոց-թանգարանում կազմակերպվելու է երեկո նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին
Այս բաժնից
847 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
877 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»