211652_close_icon
views-count4060 դիտում article-date 21:43 24-08-2017

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ծիածան» հասարակական կազմակերպության և «Ֆորմիկա փրոդաքշն» ընկերության համատեղ նախաձեռնությամբ` ս. թ. օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը: Սոցիալական շեշտադրությամբ մշակութային այս նախաձեռնության նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների ու մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: «Ֆրեսկոն» կանցկացվի թե՛ Երևանում, թե՛ մարզերի պատմամշակութային վայրերում: Փառատոնի շրջանակում` Կարապի լճի տարածքում, Երևանի պուրակներում, կանցկացվեն բացօթյա կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ, վարպետության դասեր, «առանց տոմսի» ձևաչափով միջոցառումները կդառնան հայաստանյան ամառվա վերջին տասնօրյակի անբաժան մասը: Անակնկալ է սպասվում բնության սիրահարներին. փառատոնի վրանային կինոճամբարը նախատեսվում է բացել Հայաստանի ամենաչքնաղ անկյուններից մեկում՝ Լոռու մարզի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված վայրերում՝ Հաղպատի, Սանահինի, Հաղարծնի Ախթալայի և Քոբայրի վանքերի տարածքում: Այս խորհրդավոր վայրերում մշակութային ճամբարի մասնակիցները, զբոսաշրջիկները համայնքի բնակիչների հետ միասին հնարավորություն կունենան դիտելու համաշխարհային կինոարվեստի այն ֆիլմերը, որոնք ժխտում են բնապահպանական աղետները, բռնությունը, քարոզում մարդասիրություն, խաղաղություն, հայրենասիրություն, ուղղված են վերականգնելու հոգևոր և ընտանեկան արժեքները: Այս տարի «Ֆրեսկոյի» ծրագրում ներառված են 25 երկրներից ներկայացված 42 նոր կինոժապավեններ: Իսկ Հաղպատի հանրահայտ խոհարար Ա. Քեֆիլյանը մասնակիցներին և հյուրերին կծանոթացնի «Հայկական խոհանոցի ավանդական մշակույթին» և բոլորի հետ միասին Հաղպատի բարիքներից կպատրաստի «Ագապե»՝ սիրո ճաշ: Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում նաև լուսանկարչության սիրահարներին. մայրաքաղաքում և մարզային ճամբարում կլինեն լուսանկարչության վարպետության դասեր: Արդեն հայաստանցիների կողմից շատ սիրված իսրայելցի լուսանկարիչ Դ. Բրիկմանը և ճապոնացի լուսանկարիչ Հայատո Մացումոտոն կներկայացնեն իրենց երկրների մշակույթն ու ավանդույթները և կկիսվեն իրենց մասնագիտական հմտություններով: Փառատոնն այս տարի ունի նաև հատուկ ծրագիր՝ «Հետադարձ հայացք» խորագրով, որտեղ կներկայացվեն հայ մտավորական, ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ կինովավերագրող Արա Վահունու ֆիլմերը: Իսկ ԱՄՆ–ից և Կանադայից ժամանած վավերագրական ֆիլմերի մասնագետներ՝ Օդրի Էմերսոնը (ԱՄՆ) և Պասկալ Ժելինասը (Կանադա) կտան վարպետության դասեր հայ կինոարվեստի ներկայացուցիչների և կինոսերների համար: Նշենք նաև, որ արդեն ավանդույթ դարձած փառատոնի ամենամյա հազարավոր հուշանվերները այս տարիի ևս կպատրաստեն փառատոնի նվիրյալ կամավորները՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:

Նմանատիպ նյութեր