211652_close_icon
views-count7520 դիտում article-date 16:00 26-08-2017

Բուլղարացի լրագրողը ՄԱԿ-ի հետաքննություն է պահանջում Ալիևի միջազգային հանցագործությունների վերաբերյալ

Բուլղարական Труд օրաթերթի նախկին լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ում օգոստոսի 24-ին ազատել են աշխատանքից, հավաստիացնում է, որ իրեն աշխատանքից հեռացնելու որոշման հետևում կանգնած է Ադրբեջանը և Ալիևի վարչախումբը: Դիլյանա Գայտանջիևան Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին դիվանագիտական չվերթների միջոցով զենքի մատակարարման դեպքերը ներկայացնող հոդվածից հետո խնդիրներ էր ունեցել: «[url=https://armenpress.am/arm/news/903126/bulxaraci-lragroxy-mak-i-hetaqnnutyun-e-pahanjum-alievi.html]Արմենպրես[/url]»-ի հետ բացառիկ հարցազրույցում Դիլյանա Գայտանջիևան մանրամասներ ներկայացրեց դեպքի առնչությամբ: Լրագրողը պատմում է, որ օգոստոսի 23-ին կանչվել է Բուլղարիայի ազգային անվտանգություն: «Ինձ զանգահարեց Բուլղարիայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը և հրավիրեց իրենց գրասենյակ, որտեղ ինձ հարցաքննեցին լրագրողական հետաքննության աղբյուրի վերաբերյալ: Ես պատմեցի, թե ինչպես եմ ստացել այդ գաղտնի փաստաթղթերը, սակայն հրաժարվեցի հայտնել տեղեկության աղբյուրը, քանի որ պարտավոր չեմ բացահայտել այն»,- նշում է Դիլյանա Գայտանջիևան: Դիլյանա Գայտանջիևան Բուլղարիայի ազգային անվտանգության շենքից հեռանալուց մի քանի ժամ անց զանգ է ստացել Труд օրաթերթից: «Հարցաքննությունից մի քանի ժամ անց ես զանգ ստացա իմ աշխատավայրի քարտուղարից, ով խնդրեց ինձ աշխատանքային օրվա վերջին ներկայանալ գրասենյակ: Գնացի գրասենյակ, և առանց որևէ բացատրության ինձ տեղեկացրին, որ հեռացված եմ աշխատանքից: Ես անգամ չհանդիպեցի գլխավոր խմբագրի հետ: Համոզված եմ, որ այս ամենի հետևում կանգնած են ազդեցիկ դեմքեր՝ և ոչ միայն Բուլղարիայում: Այս հարցը անձնական չէ, այլ վերաբերում է Ադրբեջանին, որն իր պետական ավիաընկերության միջոցով զենք է մատակարարում ահաբեկիչներին և այն երկրներին, որոնք ներգրավված են մատակարարման շղթայի մեջ»,- մանրամասնում է Գայտանջիևան: Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից ադրբեջանական ավիաընկերության միջոցով ահաբեկիչներին զենք մատակարարելու մերկացնող նյութից հետո, դեսպանատունը խնդրել է հետաքննել դեպքի հանգամանքները: «Այդ նյութի հրապարակումից հետո Ադրբեջանի դեսպանատունը բողոք ներկայացրեց՝ նշելով որ այդ հոդվածն ուղղված է իր երկրի դեմ: Այո՛, դա ուղղված է, ինչպես իրենց այնպես էլ դրանում ներգրավված մյուսների դեմ: Ադրբեջանի դեսպանատունը կոչ է արել հետաքննել իմ գործունեությունը, և հիմա, ահաբեկիչներին զենք մատակարարողների հանցավոր գործունեությունը հետաքննելու փոխարեն փորձում են պարզել իմ տեղեկությունների աղբյուրը»,- մեզ հետ զրույցում նշեց բուլղարացի գործընկերը: Դիլյանա Գայտանջիևան, անդրադառնալով օրաթերթի քայլին, նշեց, որ իր պայմանագիրը խզվել է առանց բացատրության, ուստի ակնհայտ է, որ այդ օրաթերթը պատրաստ չէ լինել ինքնուրույն լրատվամիջոց և աջակցել անկախ լրագրությանը: Լրագրողը, խոսելով իր հետագա գործունեության մասին, նշեց, որ պատրաստվում է վերադառնալ Սիրիա և անկաշկանդ շարունակել իր հետաքննությունը: «Մի քանի ադրբեջանցիներից, որոնք սերտորեն կապված են Բաքվի կառավարության հետ, զայրացած մեկնաբանություններ եմ ստացել: Ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ և այլևս ոչինչ չունեմ կորցնելու: Շարունակելու եմ անել այն, ինչը, որ անում էի»,- ասում է բուլղարացի լրագրողը: Դիլյանա Գայտանջիևան արդարության հաստատման և ճշմարտության բացահայտման բոլոր կողմնակիցներին կոչ է անում համախմբվել ալիևյան ռեժիմի անօրինությունների դեմ և պայքարել: Լրագրողը բողոքում է նաև ալիևյան ռեժիմի այս քայլերին հակադրվելու հարցում դժկամությունից: Նրան չեն աջակցում նաև տեղի իր լրագրող գործընկերները: «Նրանք վախենում են արտահայտել իրենց կարծիքը և պատմել ճշմարտությունն Ադրբեջանի մասին: Հավաստիացնում եմ, որ Ադրբեջանը միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին: Այն ինչ պատահեց ինձ հետ, առաջին դեպքը չէր. ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը»,- ասաց Գայտանջիևան: Գայտանջիևան համոզված է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները պետք է հետաքննվեն ՄԱԿ-ի կողմից: «Ադրբեջանական իշխանությունները պետք է միջազգային իրավունքով պատասխանատվության ենթարկվեն: Ես ունեմ բազմաթիվ տեսանյութեր և ապացույցներ, որ ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից մատակարարված զենքով Սիրիայում սպանվում են անմեղ քաղաքացիներ»,- շեշտում է բուլղարացի լրագրողը: Հետաքննող լրագրողը նշեց, որ բացի զանազան ճնշումներից, որոնք Ադրբեջանը կիրառում է խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով, լայնորեն կիրառվում է նաև կաշառքը: Այդ ճանապարհով նրանք բուլղարական մի շարք ԶԼՄ-ներում պատվիրում են իրենց դրական լույսի ներքո ներկայացնող հոդվածներ և լռեցնում անցանկալի ձայները: Մանրամասն՝ սկզբանղբյուր [url=https://armenpress.am/arm/news/903126/bulxaraci-lragroxy-mak-i-hetaqnnutyun-e-pahanjum-alievi.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր